‘Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են պատժել իրավապաշտպան Լեյլա Յունուսին’

841

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին կոչ է արել գնահատական տալ իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործողություններին, որոնք վնաս են հասցնում պետությանը և ծառայում են հայերի շահերին: Այդ մասին պատգամավորը հայտարարել է այսօր Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստում:

Աղամալին ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Լեյլա Յունուսը չի պատժվել: Նա նաև ընդգծել է, թե Յունուսի բանկային հաշիվների և հարկային մուծումների հարցը բաց է մնում, ինչպես նաև՝ անպատիժ են մնում նրա վիրավորական գործողությունները իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Ըստ պատգամավորի՝ իրավապահ  և հարկային մարմինները պետք է լուրջ միջոցներ ձեռք առնեն Յունուսի հանդեպ:

Իր հերթին՝ մեկ այլ պատգամավոր՝ Սիյավուշ Նովրուզովը, նշել է, որ Լեյլա Յունուսի նման մարդիկ երբեք չեն մտածել պետության շահերի մասին, այլ միայն գործել են Ադրբեջանի դեմ:

Ի դեպ, ապրիլի 28-ին Լեյլա Յունուսն ամուսնու հետ միասին փորձել է հեռանալ երկրից, որպեսզի խույս տա հետաքննությունից, սակայն փորձը ձախողվել է: Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է Լեյլա Յունուսին և նրա ներկայացուցիչ Հալիդ Բագիրովին : «Լեյլա և Արիֆ Յունուսներն, առանց հարգելի պատճառի, չեն  ներկայացել հարցաքննության գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության վարույթում գտնվող գործով, թեև նրանց ծանուցել են այդ մասին»,- ասվում է գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում: Բացի այդ, Լեյլա Յունուսը լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ցուցադրաբար հայտարարել է, թե ցուցմունք չի տա և չի ստորագրի դատախազություն կանչվելու ծանուցագիր ստանալու վերաբերյալ արձանագրությունը: Փոխանցում է trend-ը:  

Նախորդ հոդվածը‘Կոստա Ռիկան ապահովեց իր տեղը փլեյ-oֆֆ փուլում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տուրչինովը հայտարարել է ուկրաինա-ռուսաստանյան սահմանը «ծածկելու» գործողության ավարտի մասին’