‘
Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ազատականացված վիզային ռեժիմի ներդրման նպատակը երկու երկրների քաղաքացիների միջև արդեն գոյություն ունեցող սերտ շփումների խորացումն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում»,- նշել է Հեֆֆերնը` ավելացնելով, որ դա կխթանի կապերը, ինչպես նաև զբոսաշրջությունը, ինչը ձեռնտու է երկու երկրներին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
‘