‘Ազատամարտիկները չեն տրվել սադրանքին’

1544

iLur.am-ի տեղեկություններով, այսօր Ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի հերթական նիստին փորձել են սադրանք կազմակերպել: Նիստի ընթացքում քննարկման վայր է մուտք գործել դեռ 2008 թվականից հայտնի սադրիչ Սարգիս Կարապետյանը՝ մի քանի անձանց ու լրագրողի հետ, եւ հայտարարել, թե հրամանատարները իրենց անունից հայտարարություններ անելու իրավունք չունեն: Կարապետյանն ու իր հետ եկած անձինք փորձել են ներկայանալ որպես Արցախյան պատերազմի ազատամարտիկներ: Դաշտային հրամանատարները, սակայն, սադրանքին չեն ենթարկվել, եւ դուրս են հրավիրել Կարապետյանին: Վերջինս, ստիպված է եղել լքել քննարկման դահլիճը: Մինչ այդ նույն Կարապետյանն ու իրեն ուղեկցող անձինք «ասուլիս» են հրավիրել ընդդեմ Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհրդի` մարտի 1-ի Կոնգրեսի հանրահավաքին մասնակցելու որոշման դեմ: Հիշեցնենք, որ Կարապետյանն աչքի էր ընկել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Թալինում ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ իշխանական պրովոկատոր Սարգիս Կարապետյանը փորձել էր սադրանք կազմակերպել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի անդամները կանխել էին սադրանքը եւ Կարապետյանին ստիպել հեռանալ հանրահավաքի վայրից։ Արդյունքում իշխանությունները քրեական հետապնդում էին սկսել ՀՀ առաջին նախագահի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի, նրա եղբոր` Մկրտիչ Սափեյանի, վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի, Սափեյանների քրոջ որդու` Հայկ Գեւորգյանի, եւ ազատամարտիկ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ, իբր թե խուլիգանություն կատարելու համար։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդները երեկոյան Ուկրաինա կժամանեն ‘