‘Ազատամարտիկների դաշինքը իշխանություններին մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ է տալիս (տեսանյութ)’

2599

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունն Արմավիրում իր առաջին համաժողովն անցկացրեց: Արցախյան պատերազմի վետերան 42 հրամանատարների ղեկավարությամբ ձեւավորված դաշինքը իր առաջ խնդիր է դրել լուծել Հայաստանի առջեւ ծառացած անհետաձգելի խնդիրները՝ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը, հասարակությունում սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումը եւ զինված ուժերին անհրաժեշտության դեպքում գործուն աջակցությունը:

Այսօրվա համաժողովին մասնակցեցին դաշինքի խորհրդի անդամներ՝ Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը,  «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Դաշտային ազատամարտիկներ»-ի ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, եւ այլք:

Համագումարի մեկնարկից առաջ ազատամարտիկները ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների՝ Արմավիրի հուշակոթողի մոտ:

Համագումարի ընթացքում հայտնի դարձավ, որ դաշինքի անդամները առաջիկա ամսվա ընթացքում նմանատիպ ժողովներ են անցկացնելու նաեւ հանրապետության բոլոր մարզերում, եւ մինչեւ սեպտեմբերի վերջ հստակեցնելու են իրենց անելիքները:

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նշեց, որ ազատամարտիկները պետք է համախմբվեն եւս մեկ անգամ եւ ավարտին հասցնեն Արցախյան պատերազմի ժամանակ սկսած իրենց գործը:

Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ այս դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե Երկրապահ կամավորականների միությունն իր հիմնական առաքելությունը մոռացած՝ իշխանական համակարգի մասը չդառնար: Նրա խոսքով, ազատամարտիկների դաշինքը մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ է տալիս գործող իշխանություններին՝ առաջադրված պահանջներին անդրադառնալու համար:

Ազատամարտիկ, մարտի 1-ից հետո քաղբանտարկյալ դարձած փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը նույնպես խոսեց գործող իշխանությունների կամայականությունների դեմ համախմբվելու անհրաժեշտության մասին: Նա նշեց, որ դաշինքը վճռական է լինելու, իսկ «եթե մեր դեմ դուրս գան զեքնով, ինչպես Մարտի 1-ին դուրս եկան, մենք իրենց իսկ զենքն իրենց դեմ կօգտագործենք», — ասաց նա:  

Ելույթ ունեցողները շեշտեցին ազատամարտիկների դաշինքի եւ քաղաքական ուժերի համագործակցության անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ ոչ իշխանական քառյակը իր պահանջները ներկայացրել է 12 կետով:

Ազատամարտիկների հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ, որի մասնակիցները բաժակ բարձրացրեցին պատերազմը հաղթած գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ մնացած հերոս հրամանատարների պատվին:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիա. Վերջին դեբատները՝ հանրաքվեից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Կանադան պատրաստ է ուժով պաշպանել Արկտիկան ‘