‘«Ազատամարտիկների դաշինքն» իշխանափոխության կոչ է անում’

1961

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող առաջիկա մարտահրավերները՝  «Ազատամարտիկների դաշինք»-ը համոզված է, որ հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման առաջին և հիմնավոր գրավականը՝  Հայաստանի Հանրապետությունում արմատական իշխանափոխությունն է և ժողովրդավարության ու արդարության վերականգնումը: Այդ մասին ասվում է «Ազատամարտիկների դաշինքի» վարչության նիստում ընդունված  կոչ-հայտարարությունում:

«Գիտակցելով պատասխանատվությունը հայ պետականության պահպանման և սերունդների վաղվա օրվա անվտանգության ապահովման գործում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին համախմբման՝ համարելով, որ համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, անկախ դիրքից կամ կուսակցական պատկանելությունից, ամեն մի հայի սրբազան պարտքն է:

«Ազատամարտիկների դաշինք»-ն իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում պատրաստ է համագործակցելու բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով օր առաջ  հասնելու արմատական իշխանափոխության:

«Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստակամ է շարունակել  համերաշխության միջնորդ հանդիսանալ և կամուրջի դեր կատարել սույն գործընթացին մասնակից ցանկացած ուժերի միջև՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով հասնել արմատական իշխանափոխության, հետագայում ապահովելով արդար և թափանցիկ ընտրությունների գործընթացը, հաստատել իրավունքի գերեկայություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

«Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին և կոչ է անում այս խնդրի շուրջ համախմբված քաղաքական,  հասարակական կազմակերպություններին ցուցաբերել վճռականություն, չսասանել ժողովրդի հավատը:

Մենք լիահույս ենք, որ Հայաստանի պատկան մարմինները և ուժային կառույցները այսուհետ կգործեն սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ ապահովելով հայ ժողովրդի ազատ կամարտահայտվելու իրավունքը:

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ չի հանդուրժի այն ուժերին, ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին:

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ բռնի ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք, համաժողովրդական շարժման նկատմամբ, կարժանանա համարժեք պատասխանի», — ասվում է կոչ-հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘ՀՔԿ. Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Քննչական կոմիտեի վարկածով զինծառայողը ինքնասպանություն է գործել’