‘
Արցախյան ազատամարտի մասնակից մի շարք հրամանատարներ հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ, որի համար առիթ է հանդիսացել Արցախի հերոս Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.
Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն:
Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի եւ համազգային դատաստանի առջեւ:
Հայտարարության տակ ստորագրել են
Վլադիմիր Աղասարյանը` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Վահան Բադասյանը` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր
Հենրիխ Հակոբյանը` Ստեփանակերտի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի (լեգենդար Բեկոր Աշոտի գումարտակ) հրամանատար
Արթուր Սարգսյանը` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Ժիրայր Սէֆիլյանը` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Ռոմելս Ֆաթյանը` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ:
‘