‘Ազատության հրապարակը` նոյեմբերի 5-ի երեկոյան (ամփոփում, լուսանկարներ, ամբողջական տեսանյութ)’

11703

Ազատության հրապարակում այսօր երեկոյան  իրադարձություններն այնքան անսպասելի ընթացք ստացան, որ իրավիճակը հանդարտվելուց հետո զարմացած ականատեսներն իրար հարցնում էին` «ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ»:

Հոկտեմբերի 31-ից ի վեր Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանը սոցիալական ցանցերում տարածել էր, որ իր կողմնակիցների հետ միասին պատրաստվում է նոյեմբերի 5-ին «Դիմակների երթ» կազմակերպել: Նրա խոսքով, այս ակցիայով մեկնարկելու է Ազգային հեղափոխությունը:

Արդեն այսօր առավոտյան լրատվամիջոցներում հայտնի դարձավ, որ Հարությունյանն ու իր տասնյակին մոտ կողմնակիցները բենզինով լցված շշերով ու մահակներով պատրաստվում են երթով գնալ դեպի Բաղրամյան պողոտա` դեպի նախագահական նստավայր:

Երթի մեկնարկից ժամեր առաջ արդեն մահակները խրձերով դրված էին Հրապարակի հարթակին, իսկ երթից անմիջապես առաջ  տասնյակից ավելի ոստիկանների ներկայությամբ Շանթ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, որ «բացի բենզինի շշերից, քարից, փեդից, ռագատկից ու մարգանցովկա-բրոնզից, հլը որ ուրիշ զենք չենք վեկալել: Մեր դեմ եթե ավտոմատով դուրս եկան, մեզնից ով կենդանի մնա, ավտոմատով կռիվ ա տալու»: Նա ասաց, որ թույլ չի տալու, որ «Հայաստանը «սուչի զոն» (ազատազրկման վայր, որտեղ գողական օրենքները չեն գործում-խմբ.) մնա»: Ոստիկաններից մի քանիսը լուռ նկարահանում էին Շանթի ելույթը:

Երթը մեկնարկեց, ու դեռ Մաշտոցի պողոտա չհասած` դեմ առավ ոստիկանների շղթային: Եւ այդտեղ էլ «բենզինի շշերը, մարգանցովկան ու բրոնզը» ի հայտ եկան: Շուրջբոլորը ճայթռուկների տրաքոցներ ու հայհոյախառն գոռգոռոցներ էին լսվում: Մեծաքանակ ոստիկաններին, բնականաբար, հաջողվեց շուտով կոտրել ցուցարարների դիմադրությունն ու հերթով բերման ենթարկել նրանց, այդ թվում` Շանթ Հարությունյանին ու նրա որդուն: Պողոտայի երթեւեկությունը` Պուշկին-Սայաթ-Նովա հատվածում ընդհատվեց: 

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանության պետի տեղակալ   Հունան Պողոսյանը շտապեց հայտարարել, որ միջադեպի արդյունքում «կան բազմաթիվ տուժածներ եւ մեկ դանակահարված» եւ բոլորն էլ, նրա խոսքով, ոստիկաններ են: (Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժել է 16 մարդ, որից 8-ը` ոստիկաններ: Իսկ դանակահարվածի մասին լուրն ընդհանրապես հերքվեց):

Իսկ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, թե «բերման են ենթարկել բոլոր նրանց, ում մոտ ագրեսիա է նկատվել»։

Ոստիկանության հատուկ ուժերը ցուցարարների հիմնական մասին բերման ենթարկելուց հետո, հրապարակի վերեւում թռչող ագռավների կռկռոցի ուղեկցությամբ սկսեցին «որսալ» տեղում մնացած հատուկենտ ակտիվ քաղաքացիներին`կենդանի շղթայի մեջ առնելով նրանց:

Այս ընթացքում աչքի էր ընկնում ռազմական կամուֆլյաժ հագած ոստիկանության զորքերի բարձրաստիճան մի  սպա, որը հորդորում էր մարդկանց ինքնակամ լքել հրապարակը, «թե չէ` կտանեմ, ազնիվ խոսք, կտանեմ»: Ցուցարարներին տանում էին ներկա կանանց անեծքների ներքո: «Սերժն առանց քաղբանտարկյալ մի ամիս էլ չդիմացավ, վերջը, մի բան մոգոնեց», — ասաց նրանցից մեկը:

Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ բերման ենթարկվեց: Երբ ամեն ինչ հանդարտվեց, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարթակից բարձրախոսով դիմեց հավաքվածներին`հայտարարելով, որ պետք չէ անհանգստանալ, «ոստիկանությունն իր պարտականությունն է կատարում»:

 

Երեկոյան ժամը յոթին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, հայտարարելով, որ «արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում»: «Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», — հայտարարում է ոստիկանությունը` նշելով, որ այսուհետեւ «չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

20:00-ի մոտ երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնում ամբողջությամբ վերականգվեց:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պողոտայի բախումների կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է’