‘Ազատության հրապարակի թատերականացումը’

1681

Անկախությունից ի վեր Ազատության հրապարակը Հայաստանի ներքաղաքական կյանքում ունեցել է որոշակի հստակ նշանակություն` զուտ ֆիզիկական տարածքից վերածվելով մի կողմից քաղաքական ամբիոնի տեսքով հզոր գործոնի, մյուս կողմից` ազատության մի յուրօրինակ խորհրդանիշի։ 

1999 թվականի հոկտեմբերի 27-ի հեղաշրջումից հետո, երբ մի խումբ հանցագործներ ուզուրպացրեցին իշխանությունը, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնը, Ազատության հրապարակը դարձավ այլընտրանքային գաղափարների հնչեցման հիմնական հարթակը. հենց այստեղ են ռեժիմի դեմ պայքար ծավալած ընդդիմադիր ուժերը հիմնականում հնչեցրել իրենց գնահատականներն ու փորձել կոնսոլիդացնել ժողովրդին` իշխանությունը վերջինիս վերադարձնելու նպատակով։ 2007-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մեծ քաղաքականություն վերադարձով պայմանավորված համաժողովրդական շարժումը եւս սկիզբ առավ ու ծավալվեց Ազատության հրապարակում։ Հենց այստեղ երկարատեւ դադարից հետո քաղաքացիները կրկին լսեցին քաղաքական տեքստեր, որոնք տվեցին թե՛ առկա իրավիճակի, թե՛ իշխանությունների գնահատականը,  ներկայացվեց թե՛ Հայաստանի ապագայի տեսլականը, թե՛ ավազակապետական բուրգի կազմաքանդման ռազմավարությունն ու մարտավարությունը։ 2007-ին սկիզբ առած համաժողովրդական շարժման ողջ ընթացքում Ազատության հրապարակում առաջնային գծում քաղաքական տեքստն էր, որ տալիս էր բոլոր հարցերի պատասխանները։ Ժողովրդին ոտքի հանած ու կոնսոլիդացրած այդ քաղաքական տեքստին չկարողանալով հակադրել եւ ոչ մի բան` 2008-ի մարտի մեկին ավազակախումբն իր իշխանությունը պահելու նպատակով դիմեց բիրտ ուժի կիրառմանը. հրոսակախումբը գիշերը հարձակվեց Ազատության հրապարակում քնած քաղաքացիների վրա եւ գրավեց հրապարակը։ Ազատության հրապարակը վերանվաճվեց միայն երեքուկես տարի անց` Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդությամբ,  ժողովրդի կողմից։ 

Այս ողջ ընթացքում ավազակախումբը ջանք ու եռանդ չի խնայել` Ազատության հրապարակը Թատերականի վերածելու համար. խնդիր ունեին ոչնչացնելու հրապարակի սիմվոլիկ նշանակությունն ու տպավորություն ստեղծել, թե այն ոչ թե քաղաքական, այլ` թատերական ամբիոն է։ Ռեժիմի այդ երազանքն արտահայտվում էր անգամ վերբալ` խոսքի մակարդակում։ Այսպես, Ռոբերտ Քոչարյանը հրապարակը անվանում էր ոչ թե Ազատության, այլ` Թատերական։

Թեեւ ռեժիմը երեքուկես տարի պաշարված պահեց Ազատության հրապարակը, այնուամենայնիվ դրան չհաջողվեց իրականացնել իր երազանքը. վերանվաճումից հետո Ազատության հրապարակում կրկին առաջնային գծում էր քաղաքական տեքստը։ Նույն հրապարակում հնչած Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, տագնապած ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարից ու դրա հետեւանքներից, ռեժիմն իր ողջ ռեսուրսները, գեբելսյան ողջ քարոզչամեքենան ուղղեց Ազատության հրապարակի հարթակում գտնվող մարդկանց դեմ։ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ նաեւ պայթեցնել իր բոլոր ականներին` ներդրված Կոնգրեսի շարքերում։ Աննախադեպ այս միջոցառումների հետեւանքով ռեժիմին հաջողվեց ժամանակավոր, մարտավարական նահանջ պարտադրել ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք հրաժարվեցին մասնակցել 2013-ի նախագահական ընտրություններին` հաշվի առնելով նաեւ այն, որ Ազգային Ժողովում ընդդիմության ներկայացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրինագծի ընդունումը ռեժիմը տապալել էր` հրաժարվելով բարենպաստ օրենսդրական բազա ստեղծել ընտրությունների օրինականությունն ապահովելու համար։

Եվ ահա, վերջին կեղծված նախագահական ընտրություններից հետո, չհանդուրժելով իրենց քվեների հափշտակումը ռեժիմի կողմից, քաղաքացիները կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում։ Քաղաքացիները նույնն էին` ընդդեմ կեղծիքի, հանուն իրավական Հայաստանի, հանցավորության դեմ պայքարող հայաստանցիները։ Հարթակն էր փոխվել։ Ազատության հրապարակում քաղաքական տեքստին եկավ փոխարինելու թատերականացված բեմականացումը. այսուհետ առաջին գծում էին ոչ թե քաղաքական գործիչները` քաղաքական տեքստով, այլ շոու բիզնեսի ու թատերական աշխարհի ներկայացուցիչները։ Զանգվածային լրատվության միջոցները ողողվեցին ոչ թե քաղաքական ծրագրով ու գնահատականներով, այլ` Սերժ Թանգյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վարդան Պետրոսյանի, ռուսաստանցի Նատաշայի, բլոգերների եւ այլոց հուզիչ, բայց ոչ քաղաքական տեքստերով։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նույն տրամաբանությամբ քաղաքական քայլեր իրականացնելու, հրապարակում քաղաքացիների առավելագույն կոնսոլիդացիային հասնելու փոխարեն նախընտրեց ռեժիմի համար անվնաս մեկ քաղաքացու պայքարը եւ նստեց «կեղծադուլի»։

 Հ.Գ. Նախօրեին Ազատության հրապարակում քաղաքացիներին եւ  «կեղծադուլի» նստած Րաֆֆի Հովհաննիսյանին զբաղեցնում ու զվարճացնում էր ինչ-որ մի աճպարար` ֆոկուսնիկ։ Իր տաղանդը ցուցադրելուն զուգահեռ աճպարարը նաեւ խոսում էր ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, հրաշքների հնարավորության եւ այլնի մասին։

Այն, ինչ երկար ժամանակ չէր հաջողվում հանցավոր ռեժիմին` Ազատության հրապարակը վերածել Թատերական հրապարակի, կարճ ժամանակում, փաստորեն, հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին… 

 
«Չորրորդ Ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘8 մթերք գրիպի ու մրսածության դեմ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Իվանչուկ – Արոնյան. Ուղիղ’