‘Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են. Մամուլ’

991

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Րաֆֆի Հովհաննիսյանն այնուամենայնիվ որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակված թվերը չեղյալ ճանաչելու և նախագահական ընտրությունների իրական արդյունքներն ամրագրելու պահանջով:

«ՉԻ» — Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ դիմել-չդիմելու հարցը «քվեարկության էր դրել», և, դատելով քվեարկության վիզուալ արդյունքներից, մարդկանց մեծամասնությունը դեմ էր արտահայտվել ՍԴ դիմելուն: Եվ քանի որ Րաֆֆին այնուամենայնիվ որոշել է դիմել ՍԴ, պետք է ենթադրել, որ Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ սափրագլուխներն ահաբեկումների և սպառնալիքների միջոցով հանրահավաքի մասնակիցներին ստիպել են դեմ արտահայտվել ՍԴ դիմելուն: Արձանագրվել են նաև ընտրակաշառքի և «կրկնաքվեարկության» դեպքեր (նույն անձը միաժամանակ երկու ձեռքերն էլ բարձրացրել է):

Բայց հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Րաֆֆին ի սկզբանե ասում էր, որ ընդամենը խորհրդակցում է ժողովրդի հետ: Իսկ դա չի նշանակում, որ անպայման պետք է հաշվի առնի այդ խորհուրդը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ, սակայն որևէ տարբերակ չի բացառվում. փոխնախագահ’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Լովչեւ. Վստահ չեմ, որ Մովսիսյանի մոտ ամեն ինչ հալած յուղի պես կընթանա’