‘
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանների նախագահ Սթիվեն Քորնը լրատվամիջոցի մոսկովյան գրասենյակի ձախողումից հետո ազատվել է աշխատանքից, հայտնում է World Affers պարբերականը:
Այս որոշումը կայացվել է ԱՄՆ հեռարձակողների խորհրդի (BBG) դեկտեմբերյան նիստի ժամանակ: Քորնին առաջարկել են փետրվարից լքել պաշտոնը, իսկ մինչ այդ նրա բոլոր լիազորությունները սառեցված կլինեն, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով Խորհրդին մոտ կանգնած իր տեղեկատվական աղբյուրը:
Քորնն ինքը, անդրադառնալով իր անվան շուրջ ստեղծված աղմուկին, ասել է. «Ես արձակուրդ եմ գնում»:
Հիշեցնենք, որ դեռ ընթացիկ ամսվա սկզբին Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դևիդ Քրամերը սուր քննադատության էր ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունում անցկացրած բարեփոխումները և, մասնավորապես, հայտարարել էր, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրեն Սթիվեն Քորնը ԶԼՄ-ներին մեծ վնաս է հասցրել:
Իսկ BBG հանձնաժողովն իր անհանգստությունն էր հայտնել երկու ամսվա ընթացքում ռադիոկայանի կայքի այցելությունների թվի 50%-ով նվազման կապակցությամբ:
‘