«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թվարկել է մամուլի թշնամիների անունները։
37 անուններից բաղկացած ցուցակում հայտնվել են պետության ղեկավարներ, որոնք, հասարակական կազմակերպության կարծիքով՝ դաժանորեն հետապնդում են լրագրողներին և բարդացնում նրանց աշխատանքը։ Ընդ որում՝ սրանցից յուրաքանչյուրը, ինչպես նշվում է զեկույցում, «իր անհատական ոճն ունի»։
Առաջին անգամ ցուցակում է հայտնվել Եվրամիության ներկայացուցիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պաշտոնն ստանձնելու պահից վերահսկողություն է հաստատել անկախ ԶԼՄ-ների նկատմամբ և հիմա, ըստ էության, հասել է ուզածին՝ դուրս մղելով իր կառավարության քննադատներին փոքր օնլայն կայքեր։
Ցուցակի ևս մի «նորելուկ» է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը։ Այդ թագավորությունը «Լրագրողներ առանց սահմանների»-ն անվանում է լրագրողների համար աշխարհում ամենամեծ բանտը, որտեղ իշխանություններն առհասարակ չեն հանդուրժում որևէ ազատ լրատվամիջոց։
Առաջին անգամ մամուլի թշնամի է ճանաչվել նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որին քննադատում են համավարակի և կարանտինային միջոցառումների շուրջ «կեղտոտ հռետորաբանության» համար։
Փոխանցում է euronews-ը։