‘Ազարովն ակնարկել է, որ Մայդանի ակտիվիստները խնդիրներ կունենան արդարադատության հետ’

664

Ցույցերի մեկնարկից երկու շաբաթ անց Մայդանը վերածվել է փոքրիկ քաղաքի, որտեղ ապահովվում են ցուցարարների բոլոր կարիքները: Հրապարակում կան տաք հագուստի, սննդի կետեր, կարելի է սուրճ ու թեյ խմել, տեղադրվել են բիոզուգարաններ, իսկ տակառներում վառվող խարույկի շուրջ կարելի է տաքանալ: Ակտիվիստները նշում են, որ այժմ՝ ցույցն ուժային մեթոդներով ցրելուց հետո, եվրոպական պահանջներն անցել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով ներքաղաքական պահանջներին: «Մենք չենք վախենում, պատրաստ ենք դիմակայել «Բերկուտի» ցանկացած հարձակման, քանի որ այն, ինչ արեց Յանուկովիչը՝ բառիս բուն իմաստով ծեծելով Մայդանում խաղաղ ցույց անող ուսանողներին՝ զայրացրել է ողջ ուկրաինացի ժողովրդին, և դա մեր համբերության վերջին կաթիլն էր»: «Արդեն զզվեցրել է Յանուկովիչի բանդիտական ռեժիմը, կոռուպցիան ուղղակի խեղդում է  մեզ՝ մահվան աստիճան: Դե ուրեմն ավելի լավ է մեռնել հանուն ժողովրդավարության, քան շարունակել գոյատևել այս ռեժիմի հետ»,- ասում են ցուցարար ակտիվիստները:

Եվրամայդանը պահանջում է նախագահի և կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: Մինչդեռ կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ փողոցային ցույցերի առիթն սպառված է, և կոչ է արել դադարեցնել «լարվածության թեժացումը»: «Վարչապետը հայտարարել է, որ ցուցարարները չեն կարող հույսները դնել խորհրդարանական անձեռնմխելիության վրա, ինչպես ընդդիմության երեք առաջնորդները: Դա հնչում է որպես բողոքի ակցիաները դադարեցնելու ուղերձ ցուցարարներին, հակառակ դեպքում՝ նրանք գործ կունենան արդարադատության հետ: Չնայած այս կոչերին՝ ցուցարարները մտադիր չեն հանձնվել: Ընդհակառակը, օր օրի նրանց թիվն ավելանում է Մայդանում», Կիևից հաղորդել է Euronews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Փակ շուկայի գործով դատական նիստերը հերթական բեմադրությունն են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ցույցերի հետևանքով հոսպիտալացվել է 412, ձերբակալվել 14 մարդ’