‘Ազգագրագետ. Նախագահական ընտրություններից հետո Էմիգրացիան հասնում է իր գագաթնակետին’

865

Միգրացիան, ինչպես նաև ազգագրական դեֆորմացիան կարող են Հայաստանին դնել լուրջ պրոբլեմների առջև:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Հայաստանը բախվել է ժամանակավոր միգրացիայի բարձր տոկոսի, որը քանակապես գերազանցում է մշտական միգրացիային: Միգրացիայի պատճառները քիչ չեն: «Սովորաբար դրանք բնութագրվում են «սոցիալ-տնտեսական պատճառներ» բառակապակցությամբ: Բայց «սոցիալական» բառը շատ ծավալուն է: Այստեղ առկա են թե հեռանկարների բացակայությունը, և թե դատական համակարգի նկատմամբ վստահության կորուստը: Իմ կարծիքով, 2000 թվականից ի վեր հատկապես իրավական անարդարությունն է գերակշռում միգրացիայի պատճառների շարքում»,-ասել է փորձագետը:

Միգրացիոն տրամադրություններ է ստեղծում նաև քաղաքական իրավիճակի հետ անհամաձայնությունը: «Սովորաբար դա արտահայտվում է հետընտրական պիկային փուլերում: Հետաքրքիր առանձնահատկություն` սովորաբար խորհրդարանական, իսկ հիմնականում` նախագահական ընտրություններից հետո Էմիգրացիան հասնում է իր գագաթնակետին, որից հետո, հետագա երկու տարիներին սոցիալական կյանքը Հայաստանում գտնվում է անկումային վիճակում:

Եթե հաշվի առնենք հարցումների արդյունքները, ապա էմիգրացիոն տրամադրությունները դեռևս մնում են նույն մակարդակում: «Սակայն, մի բան է ցանկությունը, իսկ բոլորովին մեկ այլ բան է դրա պրակտիկ իրականացումը»,-նշել է նա: Ինչ վերաբերվում է ներքին միգրացիային, ապա այն հիմնականում արտահայտվում է Երևանի շուրջ բնակչության կենտրոնացման ձևով, որտեղ աշխատանք գտնելու շանսերն ավելի բարձր են:

Փորձագետների մտահոգությունն է առաջացնում նաև ժողովրդագրական դեֆորմացիան: «Եթե չեմ սխալվում, մեր բնակչության 21%-ը կազմում են 60-ից բարձր տարիք ունեցող անձինք: Դա կարելի է համարել ժողովրդագրական մեծ ճգնաժամ», նշել է Խառատյանը:

Ժողովրդագրական դեֆորմացիայի պատճառներից է նաև աշխատատեղերի փակումը, սոցիալական բարդ պայմանները, որոնք աշխատունակ բնակչությանն ստիպում են երջանկություն որոնել հայրենիքից դուրս: Խառատյանը բերել է Արարատյան դաշտավայրի օրինակը, որտեղ ստորգետնյա ջրային ռեսուրսների անխնա օգտագործման հետևանքով դիտվում է ոռոգման ջրերի պակաս: «Այդ ամենը սպառնում է անապատացմամբ: Գործնականում, ողջ ամռանը ոռոգման ջրեր չեն լինում: Մանր հողագործներն արդեն գերադասում են ոչինչ չտնկել, քանի որ նրանց ապրանքները մրցունակ չեն, որովհետև վերամշակող ձեռնարկությունները գերադասոմ են միրգն ու բանջարեղենը մթերել խոշոր հողագործներից»,-նկատել է Խառատյանը:

 Հավելենք նաև, որ ըստ փորձագետների, ժողովրդագրական լուրջ պրոբլեմի կարող է վերածվել նաև հղիության արհեստական ընդհատման միտումները`պայմանավորված երեխայի սեռով: Ինչպես նշվում է UNFPA-ի` «Նորածինների սեռերի անհամապատասխանությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» խորագրով հետազոտության մեջ, սելեկցիոն աբորտները շարունակելու դեպքում մինչև 2060 թվականը Հայաստանը կարող է զրկվել 93 հազար պոտենցիալ մայրերից:

Սեռերի հարաբերակցությունը Հայաստանում խախտվել է դեռ 90 ականներին, իսկ ներկայումս 114-115 տղային ընկնում է 100 աղջիկ: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, որը զիջում է միայն Չինաստանին (118) և Ադրբեջանին (116): Իսկ նորմալ է համարվում 102-106 ցուցանիշը:

Նախորդ հոդվածը‘Կծու բիբար ուտելու համար ոստիկանները տուժողի կարգավիճակ ստանու՞մ են. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին. կա 2 զոհ’