‘
Իտալիան, Լեհաստանն ու Պորտուգալիան ցանկություն են հայտնել 2019 թվականի հունիսին ընդունելու Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Թե ով կլինի մրցաշարի տանտերը, հայտնի կդառնա դեկտեմբերին:
Այդ երկրների ազգային ասոցիացիաները հաստատել են իրենց շահագրգռվածությունը Ազգերի Լիգայի 4 ուժեղագույն թիմերի մասնակցությամբ վճռորոշ մրցաշարը հյուրընկալելու հարցում: Այժմ նրանց կփոխանցվեն հայտադիմումի պահանջները, որը պետք է ներկայացվի ՈՒԵՖԱ-ին մինչև դեկտեմբերի 31-ը:
Ըստ կանոնակարգի՝ Ազգերի Լիգայի եզրափակիչ հատվածը պետք է անցկացվի Ա դիվիզիոնի խմբերում հաղթողներից մեկի հարկի տակ: Իտալիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականները միևնուն՝ A3 խմբում են, այնպես որ, եթե նրանց դիմումները համապատասխանեն ՈՒԵՖԱ-ի պահանջներին, 2018-ի դեկտեմբերին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն կհաստատի այդ եռյակից հաղթողին՝ որպես մրցաշարի եզրափակչի տանտեր:
Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի երկու մարզադաշտերում, որոնք կտեղավորեն ոչ պակաս, քան 30 հազար մարդու: Նախընտրելի է, որ դրանք գտնվեն միևնույն քաղաքում կամ իրարից ոչ ավելի հեռու, քան 150կմ:
‘