‘
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայում: D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի ազգային թիմի նկատմամբ: Սա Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն էր 2018 թվականին ու Վարդան Մինասյանի վերադարձից հետո: Նախորդ 4 ընկերական խաղում հայկական թիմը գրանցել էր 3 ոչ ոքի եւ կրել մեկ պարտություն:
Հայաստանի հավաքականը խաղը սկսեց 4-2-4 գերհարձակողական խաղային սխեմայով: Կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում էին Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին, իսկ Արաս Օզբիլիսն ու Իվան Յագանը գրոհում էին եզրերով:
Դաշտի տերերը հենց մեկնարկից մեծ ուժերով նետվեցին առաջ, իսկ առաջին գոլային պահն ունեցան 7-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Մարկոս Պիզելին հարմար դիրքից գլխի հարված կատարեց ուղիղ մրցակցի դարպասապահի վրա: Մեկնարկային 10 րոպեներից հետո հյուրերին հաջողվեց խաղը հեռացնել սեփական կիսադաշտից եւ նույնիսկ անցկացնել գրոհներ:
Առաջին խաղակեսի միջնամասում խաղը գրեթե հավասարվել էր եւ Հայաստանի հավաքականն ամենեւին էլ ընդգծված ֆավորիտի տեսք չուներ: Հյուրերն ամուր պաշտպանությունից բացի, չէին մոռանում նաեւ գրոհելու մասին: 25-րդ րոպեին վտանգավոր ստացվեց Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը մրցակցի տուգանային հրապարակում, սակայն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանի հարվածը բարձր ստացվեց մի քանի մրցակիցների շրջափակման պայմաններում: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց Մարկոս Պիզելին, որի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ սուր անկյունից գրավել դարպասը:
30-րդ րոպեին Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը: Մարկոս Պիզելին հարվածելու հնարավորություն ստացավ տուգանային հրապարակից մատույցնեից եւ այս անգամ չվրիպեց՝ 1:0: Սակայն Լիխտենշտեյնի հավաքականի պատասխանը չուշացավ: 3 րոպե անց հյուրերը թվում էր ոչ այնքան վտանգավոր գրոհ անցկացրին աջ եզրով, բայց հավասարեցրին հաշիվը՝ 1:1:
39-րդ րոպեին դաշտի տերերը կորցին 100 տոկոսանոց գոլային պահ: Հենրիխ Մխիթարյանն աջ եզրից հրաշալի փոխանցում կատարեց դարպասի առջեւ միայնակ մնացած Մարկոս Պիզելիին, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դարձյալ փայլեց:
41-րդ րոպեին վտանգավոր ստացվեց Լիխտենշտեյնի հավաքականի իրացրած տուգանային հարվածը, որից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 42-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը Երեւանի «Ալաշկերտից»: Խաղակեսի վերջնամասում հիշվեց Կառլեն Մկրտչյանի գլխով կատարած վտանգավոր հարվածը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսը սկսվեց հայկական թիմի գրոհների ներքո, սակայն դրանք վտանգավոր չէին ստացվում:
55-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինեց Իվան Յագանին: Մակեդոնական «Վարդարի» ռմբարկուն տեղ զբաղեցրեց կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց ձախ եզր:
Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ուներ նկատելի տարածքային առավելություն, որը գոլի վերածել չէր հաջողվում: 68-րդ րոպեին հայկական թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք: Հենրիխ Մխիթարյանը ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, իսկ նրան կանգնեցնել հաջողվեց միայն կանոնների խախտման գնով: 11 մետրանոցն իրացրեց հենց տուժողը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց իր թիմին: 70-րդ րոպեին Մխիթրայանը կարող էր ուղղել իր սխալը, բայց նրա հարվածից հետո այս անգամ Լիխտենշտեյնի հավաքականին գոլից փրկեց դարպասապձողը:
75-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականը մնաց 10 խաղացողներով: Դաշտի կենտրոնում կոպիտ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց 33-ամյա կիսապաշտպան Միչելե Պոլվերինոն: Դաշտի տերերը շատ արագ օգտագործեցին թվային առավելությունը: Կարմիր քարտից մեկ րոպե անց Հայաստանի հավաքականին առաջ մղեց փոխարինման դուրս եկած Տիգրան Բարսեղյանը, որի գոլի դրվագում մրցակցի տուգանային հրապարակում անհատական բարձր վարպետությամբ առանձնանցավ Արաս Օզբիլիսը:
88-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին խփել նաեւ երրորդ գոլը, բայց Մարկոս Պիզելին անհասկանալի գործողությամբ առանձնացավ մրցակցի դարպասի մոտ: Վերջնամասում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փորձում էր զարգացնել առավելությունը, ինչը տեղի չունեցավ, թեեւ ստացվեց առանց որեւէ դժվարության պահպանել հաղթական հաշիվը:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Սկոպյեում կխաղա Մակեդոնիայի հավաքականի հետ:
D դիվիզիոնի չորրորդ խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի Ջիբրալթարին:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են 2020թ. Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խմբային փուլից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:
‘