‘ԱԶԳ-ը Նազենի Հովհաննիսյանին հիշեցրեց փուչիկների պայթյունի մասին ‘

1712

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի` երեկ «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստան-Իտալիա խաղի վերաբերյալ Ֆեյսբուքյան գրառումը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում. Բացասական իմաստով: Մասնավորպես, Հովհաննիսյանն իր էջում գրել էր. «…Ուղղակի չկարողացա ինձ զսպել և նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ ՝ հոտի նման, ոչխարի հոտի նման՝ թիկունքն արած դաշտին, լքում էին մարզադաշտը…Դավաճանությունը էլ պոզո՞վ է լինում, թե՞ պոչով։ Ազգային հավաքականը դեռ դաշտում շարունակում եր սպորտային պայքարը, իսկ ԱԶԳս ս…սրիկայի ամենավառ դրսեվորմամբ շարունակում էր հոտային ու սողունային ծանրաքարշությամբ հոսել դեպի ելքը…ներեցեք կոպտության համար, բայց պատկերն իրոք զազրելի էր՜»:

Վերջինիս գրառումը blognews.am-ը տեղադրել էր իր էջում, որից հետո օգտատերերը սկսեցին քննադատել Նազենիին նման գրառման համար՝ անվանելով վերջինիս դավաճան, անկիրթ ու ազգին նման կերպով վիրավորելու բարոյական իրավունք ու կերպար չունեցող անձ:
iLur.am-ը ներկայացնում է այդ գրառումներից մի քանիսը:
Էդգար Արշավականներ Հարությունյան. «Ամբողջ աշխարհում էլ այդպես է, երբ սեփական թիմի պարտությունն արդեն ակնհայտ է, երկրպագուների մի մասն սկսում է լքել մարզադաշտը, որն ունի մի քանի պատճառ. ավելորդ ներվեր չքայքայելը, շուտ տուն հասնելը և, ամենակարևորը՝ ըստ իս, մարզադաշտից մարդավարի դուրս գալը, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում խաղից հետո մարզադաշտի մատույցներում… Խաղավարտից 5 կամ 10 րոպե շուտ դուրս գալը ամեն երկրպագուի որոշելիքն է, և ոչ մի Նազենու իրավունք չի տրված իր ԱԶԳԻ մի ողջ հատվածի վիրավորելու ոչխար, սողուն ու նմանատիպ բառերով… Եթե դու որպես հաղորդավարուհի որոշակի մարդկանց շրջանում քիչ թե շատ հարգանք ունես, ապա քո այս գրառումից հետո, համոզված եմ, վաստակածդ հարգանքի մի ամբողջ կտոր կորցրեցիր»:

Արմեն Հակոբյան. «Ձեզ ո՞վ է իրավունք տվել անվանարկել ու վիրավորել իմ ԱԶԳ-ը: Թեկուզ մի քանի րոպե շուտ հեռացողներին ոչ մի բարոյական իրավունք չունեք վիրավորելու: Ես չեմ ընդունում ժամանակից շուտ գնալը, բայց դա ամեն մեկի իրավունքն է: Ճակատամարտ չէր, որ ասեք, թե կեսից պատերազմի դաշտը լքել են, դավաճան են, յեսիմ ինչ են: Ե՞րբ մարդիկ սկսեցին առավել բարձր բացականչել Հայաստան, Հայաստան. երբ մերոնք առաջին գոլն ընդունեցին: Ու ոչ մեկն էլ ոչ մի վատ բառ չասաց, համենայնդեպս, այնտեղ, որտեղ ես էի: Ինքս, օրինակ, վերջին վայրկյանները դիտել եմ սեկցիայի մուտքի մոտ (որովհետև մի 4-5 կիլոմետր դեռ պիտի քայլելով գնայինք, հետո կանգառներում մի 40-50 րոպե լռվեինք՝ մարշրուտկայի կամ տաքսու հույսով, որ ի վերջո, հասնենք տուն, թե՞ կարծում եք` բոլորը ձեր ու հանրաեթերային այլ կերպարների նման տրանսպորտի խնդիր չունեն), բայց ցանկացած դեպքում, ինձ երբեք թույլ չեմ տա վիրավորել մի երկու-երեք րոպե շուտ գնացողներին: Մարդիկ ոգևորված եկել էին ու այդ խաղի առումով հուսահատված էին: Եվ, ընդհանրապես, մարդիկ էլ կան, որ ամեն պարտությունից հետո ասում են՝ վերջ, էլ չեմ գնալու ստադիոն, բայց ամենից կայուն ստադիոն հաճախող ու տեղում աջակցողն իրենք են: Թույլ տամ ինձ ենթադրել, որ նրանք հավաքականի երևի ամենից նվիրված «բալելչիկներն» են: Դուք, որպես եթերային մտավորականության ներկայացուցիչ, ավելի լավ է մարդկանց բացատրեք, թե առաջին խաղակեսում ո՞ւր էր անհետացել հեռուստա և ռադիո մեկնաբանը»:
Շավարշ Սիմոնյան. «Ձեզ ո՞վ է իրավունք տվել ամբողջ ազգի մասին տենց արտահայտվել: Ավելի լավ է Ձեր մասին մտածեք ընդհանրապես»:
Քաղսի բլոգ. «Ի՞նչ է իրենից ներկայացնում Նազենին , որ մի հատ էլ ազգ է վիրավորում»:
Ուբիկ Մինասեան. «Եթէ երկու ֆուտբոլային խաղ տեսած լինեիր հեռուստացոյցով նման բան չէիր գրի»։
Արամ Աբրահամյան. «Ժողովուրդը տառապում է անբավարարվածության զգացումով: Ձեր մնալը բավարար էր: Պետք չէ մի ամբողջ հատվածի վիրավորել»:
Անահիտ Սիմոնյան. «Հա մեր ազգը ուրիշների նման շատ թերություններ ունի, բայց Նազելիի ձայնը տաքուկ տեղից է գալիս: Գիտի, որ ինքը առոք, փառոք ապրում է, ուրիշներն էլ են նույն վիճակում, որ մարդիկ ստիպված լքում են երկիրը: Հազիվ, պարապ-սարապ հաղորդումներ վարի»:
Օվսաննա Եղոյան. «Իսկ երբ դասական կենդանի երաժշտության համերգին Նազեին ծամոնը բերանում, շրջապատին բավական լսելի ձայնով խոսում է, դա ինչպե՞ս որակել»:
Էլզա Առաքելյան. «Նկարեիր ընտրակաշառք բաժանողներին եւ վերցնողների հերթը, դա է սրիկայությունը»:
Սասուն Մալյան. «էս աղջկա համար մարզադաշտից շուտ դուրս գալը սրիկայություն ա, բայց փուչիկների պայթյունի ժամանակ բեմից ասում ա` բան չի պատահել, ամեն ինչ նորմալ ա»:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հանձնարարություն էին տվել, որ աղքատության ցուցանիշը իջեցնեն մինչև 27 տոկոս ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսին այս ռաունդում Ռոնալդուին նոկդաունի ենթարկեց’