‘Ազնավուրը կոչ է արել Ֆրանսիային ու Շվեյցարիային՝ ընդունել Իրաքից փախստականներին’

666

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը Le Figaro օրաթերթում կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին՝ հյուրընկալել և ապաստան տալ վտանգի տակ գտնվող Իրաքի ու Սիրիայի փոքրամասնությունների ներկայացուցիչներին և օգնել նրանց՝ հաստատվելու ֆրանսիական որոշ լքված գյուղերում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ազնավուրը նշել է, որ այդ ծրագիրը չի պահանջում մեծ ծախսեր, քանի որ համեստ գումարներով կարելի է գնել և նրանց տրամադրության տակ դնել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցները, ինչից հետո վերաբնակեցվածները իրենց աշխատանքով կվերակենդանացնեն այդ գյուղերը:
Իբրև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան՝ Ազնավուրը դիմել է նման առաջարկությամբ Շվեյցարիայի իշխանություններին, որոնք անմիջապես արձագանքել են:
«Կարևոր է զբաղվել Արևելքի քրիստոնյաների, քրդերի, եզդիների և մյուսների ճակատագրով, չպետք է մոռանալ մի քրիստոնյա համայնքի (հայերին), որը թանկ է իմ սրտին», — նշել է նա:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը իր հերթին կոչ է արել ֆրանսահայերին՝ նեցուկ լինել Ֆրանսիայի քրդական միությանը և իրենց մասնակցությունը բերել այդ միության կողմից օգոստոսի 16-ին կազմակերպվելիք և Իրաքի քրդերի ու եզդիների կոտորածները դատապարտող ցույցին:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Պաշտոնավարման գինը չի կարող լինել զինվորի կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Պիեռ-Էմերիկե Оբամեյանգ. կոմիքսների մեծ սիրահարը’