‘
Երեւանի Կասկադի հյուսիսարեւմտյան կողմում, 1000 քմ տարածք զբաղեցնող տարածքում 2007-ի վերջից կառուցվող՝ Շառլ Ազնավուրի կեցավայրը պաշտոնապես բացվել է 2011-ին՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարած այցելության օրերին:
Այդ ժամանակ կեցավայրի նախագծող ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում էր, որ այսուհետեւ Հայաստան այցելելու դեպքում Ազնավուրը կարող է ապրել իր բնակարանում:
Կեցավայրի բացումից շուրջ երկու տարի անց, «Ոսկե ծիրան-2013» հոբելյանական կինոփառատոնի բացման առիթով օրերս Երեւան ժամանած Շառլ Ազնավուրը, սակայն, իր կեցավայրի փոխարեն՝ հանգրվանել է հյուրանոցում: Եւ դրա պատճառը բացահայտում է ինքը՝ շանսոնյեն, որը «Ազատություն» ռ/կ տեսանյութում փոքր-ինչ ներողամիտ տոնով պատասխանում է լրագրողի հարցին՝ «սենյակս դեռ սարքած չի, բայց լավ է»:
Նարեկ Սարգսյանը նույն տեսանյութում այս առնչությամբ հետաքրքիր մեկնաբանություն է տալիս: «Ինքը (Ազնավուրը-խմբ.) նախատեսում է հաջորդ գալուց վերեւի հարկում հարմարություններն ստեղծել, եւ կապրի էստեղ», — ասում է Նարեկ Սարգսյանը:
Մոռանանք Նարեկ Սարգսյանի՝ 2011-ի հոկտեմբերի հարցազրույցը, որում նա հայտարարում է, որ Ազնավուրն այլեւս Հայաստան այցելելիս կարող է ապրել իր բնակարանում: Մի կողմ թողնենք, որ 2013-ին նա դեռ հայտարարում է, որ Ազնավուրը իր բնակարանում կապրի «հաջորդ գալուց» (իսկ դա կարող է առնվազն 1-2 տարի հետո լինել): Առավել ուշագրավն այս հայտարարության մեջ այն է, որ պարզվում է՝ կեցավայրում բնակության համար հարմարություններ պետք է ստեղծի ինքը՝ Շառլ Ազնավուրը:
Մինչդեռ կեցավայրի բացման ժամանակ նշվում էր, որ այն «հայ ժողովրդի նվերն է իր մեծանուն զավակին», որ շինարարությունն իրականացվել է ՀՀ նախագահի (նկատի են ունեցել Սերժ Սարգսյանին-Հ.Կ) բարձր հովանու ներքո, եւ դրա վրա ծախսվել է 678,091 միլիոն դրամ:
Սակայն ինչպես տեսնում ենք՝ կա՛մ մեծ շանսոնյեն մեծահոգաբար իր վրա է վերցրել ծախսերը՝ հայրենի պետությանը հավելյալ ծախսից ազատելու համար, կա՛մ բացման հանդիսավոր արարողությանը «կարմիր լենտը» կտրելուց հետո պարզվել է, որ ծախսված 678,091 միլիոնը բավարար չէ այն ավարտուն տեսքի բերելու համար, եւ հայ ժողովրդի անունից հանդես եկող իշխանավորները, սովորության համաձայն, «անգաջի հետեւ» են գցել գործը:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ. պարզվում է, որ կեցավայրի բացման հանդիսավոր արարողությունից երկու տարի անց դեռեւս ճշգրտված չեն կառույցի գործառույթները:
Այսպես, եթե 2011-ին մանրամասն կերպով նկարագրվում էին կեցավայրի գործնական հարմարությունները, ապա այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարում է, որ Ազնավուրի երեւանյան կեցավայրի գործառույթը դեռ պետք է ճշգրտվի: «Սա, ի վերջո, ունի մի քանի բաղադրիչներ՝ ե՛ւ հյուրատուն, ե՛ւ մշակութային ձեռնարկների կազմակերպման հատված: Ես կարծում եմ, որ ժամանակի մեջ կճշգրտվի, թե ինչ գործառույթներով է այս շենքն աշխատելու, կիրառվելու», — ասում է տիկին նախարարը: Այլ կերպ ասած՝ սարքել եւ շահագործման են հանձնել մի բան, ինչը, հերիք չէ, որ կիսակառույց է, դեռ մի բան էլ՝ առայժմ իրենք էլ չգիտեն, թե ինչ եւ ինչի համար են կառուցել:
Հակոբ Կարապետյան
‘