‘
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը տեղեկացրել է, թե Ազովի ծովում ուկրաինական նավահանգիստներն արգելափակվել են Կերչի նեղուցում անցյալ կիրակի տեղի ունեցած միջադեպից հետո:
«Նոյեմբերի 28-ի երեկոյի դրությամբ՝ Ազովի ծովի ուկրաինական Մարիուպոլ և Բերդյանսկ նավահանգիստները Ռուսաստանի Դաշնության կողմից արգելափակված են նավերի մուտքի ու ելքի համար»,- սոցցանցում գրել է նախարարը: Նրա հաշվարկով՝ Սև ծովի կողմից Ազովի ծով մուտք գործելու համար կանգնած է 18 նավ, իսկ Ազովի ծովից դուրս գալու համար՝ 9-ը:
«Նպատակն ակնհայտ է՝ Ազովի ծովի ջրերում արգելափակել ուկրաինական նավահանգիստների աշխատանքը և Ուկրաինային աստիճանաբար դուրս մղել մեր օրինական տարածքներից, ինչն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով»,- հավելել է Օմելյանը:
Ռուսաստանի կողմից անանուն աղբյուրը հայտարարել է, որ ուկրաինացի նախարարի պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ըստ գործող կարգի՝ նավերը Կերչի նեղուցով անցնելու համար պետք է դիմում ներկայացնեն 48 ժամ առաջ, ապա այն հաստատեն 24 ժամ առաջ:«Նավերը 48 ժամ առաջ հայտ են ներկայացնում և հերթ են կանգնում»,- ասել է աղբյուրը:
Փոխանցում է BBC-ն:
‘