‘Աթենքում կայացել է Հայաստանի կինեմատոգրաֆիային նվիրված երեկո ‘

863

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինության նախաձեռնությամբ տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են 2012 թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի ցուցադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

2013 թ. փետրվարի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կայացել է նշված նախաձեռնության առաջին երեկոն՝ նվիրված Հայաստանին: Երեկոյի շրջանակում Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում կայացել է ունեցել Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարը՝ Արմեն և Արեն Վաթյանների: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի, արվեստի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ: Ֆիլմն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնը կայացել է 2012 թ. հոկտեմբերի 5-12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում՝ Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո: Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը:

Պելոպոնեսի երկրորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2013 թ. աշնանը:

  

Նախորդ հոդվածը‘Մարտունու համայնքապետը շուկայականից ցածր գնով վաճառել է կենտրոնական կաթսայատունը ‘
Հաջորդ հոդվածը‘Անկարայում հարձակվել են Խոջալուի վահանակների վրա, կան վիրավորներ’