‘ԱԺ արտահերթ նիստի հայտարարության նախագիծ՝ ներկայացված 4 ուժերի կողմից ‘

1344

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ 4 խորհրդարանական ուժերը՝ Հայ ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՕԵԿ-ը հավաքել են անհրաժեշտ ստորագրությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Նրանք նախապատրաստել են ԱԺ հայտարարության նախագիծ, որն էլ առաջարկում են ընդունել արտահերթ նիստի ժամանակ: Հիմնական զեկուցող է նշանակվել պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Նշենք, որ այս հայտարարության տեքստը քննարկվել է ԱԺ 6 խմբակցությունների համատեղ նիստում, և խմբակցություններն այն համադրել են Գալուստ Սահակյանի ներկայացրած տարբերակի հետ: Սակայն, ՀՀԿ-ն կտրականապես հրաժարվել է միանալ այս հայտարարությանը՝ եթե չհանվի տեքստի 2-րդ կետը, իսկ 4 ուժերն էլ հրաժարվել են հայտարարությունից հանել այդ կետը: Արդյունքում, այս հայտարարությանը միացել են միայն 4 ուժերը՝ բացառությամբ նաև ՀՅԴ-ի:

Այժմ, 18:30-ին նախատեսված է արտահերթ նիստը, ու թեև մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն փորձելու է հերթական անգամ տապալել այն, սակայն, չորս ուժերը այդուհանդերձ, չեն ընկրկել:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ արտահերթ նիստին ներկայացվելիք ԱԺ հայտարարության նախագիծը:

Ազգային Ժողովի հայտարարություն

Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական  ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պատոնյայի կարգավիճակին։

Ազգային Ժողովը պահանջում է.

1. Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները և իրավապահ մարմիններից պահանջում  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ, կամ մեղսակից բոլոր անձանց  ի հայտ բերելու, և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության  ենթարկելու համար։

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։  

 3. Ազգային Ժողովը պահանջում է  ձեռնակել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար  երկրին անհարիր  նման երևույթները։   

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն բռնությունները դատապարտելու հարցով արտահերթ նիստ կգումարի’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա` ընդդեմ պետական ահաբեկչության (Տեսանյութ)’