‘
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խստացրել է ԱԺ—ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի պայմանները: Օրերս նույնիսկ ԱԺ պատերին են հայտնվել խորհրդարանում աշխատող լրագրողների պարտականությունները թվարկող թերթիկներ, որոնք, մասնավորապես, հիշեցնում են, որ լրագրողը պարտավոր է «հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Կանոնները խախտելու դեպքում «կարգազանց» լրագրողները կզրկվեն հավատարմագրերից:
Սակայն, կարծես թե, Թովմասյանը փորձում է կանոնակարգել միայն լրագրողների աշխատանքը: Իսկ ահա ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային ժողովի բուֆետը աշխատում է առանց ԱԺ հետ որեւէ պայմանագրի, «ախպերական հիմունքներով», այստեղ խախտվում են սանիտարա-հիգիենիկ կանոնները, իսկ գնորդներին ՀԴՄ կտրոններ չեն տրվում:
iLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են բուֆետի վաճառողուհիները հաճախորդներին սպասարկում առանց պարտադիր համազգեստի, ընդ որում՝ այստեղ «վաճառողը նաեւ գանձապահ է». նույն աղջիկներն առանց ձեռնոցի սնունդ են տալիս մարդկանց ու դրա դիմաց դրամ են ստանում, ինչպես նշեցինք՝ առանց ՀԴՄ կտրոն տալու: Իսկ բուֆետը սպասարկող «Դավիթ եւ Սարգիս Խանոյաններ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Նավասարդյանի հետ զրույցից պարզվեց, որ ՀԴՄ չեն տալիս, որովհետեւ «հարկային դաշտում չեն աշխատում»: Փաստորեն, պարտադիր օրենքներ ընդունող բարձրագույն մարմնի հենց սրտում (կամ որովայնում) խախտվում են միանգամից մի քանի օրենքներ, որոնք խախտելու դեպքում ցանկացած հայաստանցի հասարակ ձեռներեցի ոչ միայն կտուգանեին հարյուր հազարավոր դրամներով, այլեւ քրեական պատասխանատվության կենթարկեին՝ ապօրինի առեւտրային գործունեություն ծավալելու համար: Նշենք, որ այս ընկերությունը ԱԺ ճաշարանը սպասարկում է արդեն շուրջ երեք ամիս:
Հասկանալի է, որ նման արտոնություն հենց այնպես չի տրվում. ըստ հավաստի տեղեկությունների՝ «Դավիթ եւ Սարգիս Խանոյաններ» ՍՊԸ տնօրենը ստվերային տնտեսության դեմ «կատաղի մարտի դուրս եկած» վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատի՝ «Արգամիչի Բագրատի» մտերիմ ընկերն է:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալու փորձերն անհաջողությամբ ավարտվեցին. նրա գրասենյակից մեզ հայտնեցին, որ Թովմասյանը «լռության ուխտ» է արել եւ հրաժարվում է լրագրողների հետ ցանկացած շփումներից: Իսկ Թովմասյանի՝ համապատասխան հարցերով տեղակալ Էրիկ Մինասյանը միայն ասաց, որ «Դավիթ եւ Սարգիս Խանոյաններ»-ի հետ պայմանագիր չի կնքվել հենց ԱԺ աշխատակազմի նախաձեռնությամբ, «թող ժամանակավոր աշխատեն, մինչեւ տեսնենք՝ մեր չափանիշներին համապատասխանում են, թե չէ», — ասաց Մինասյանը: Մեր հարցին՝ կարո՞ղ է ցանկացած քաղաքացի ԱԺ տարածքում առանց պայմանագրի ժամանակավոր առեւտուր ծավալել, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չպատասխանեց:
Հ.Գ. «Դավիթ եւ Սարգիս» ՍՊԸ տնօրեն Սարգիս Նավասարդյանը հրաժարվեց տեսագրությունից, սակայն մենք նրա հետ զրույցը ձայնագրեցինք իր իսկ համաձայնությամբ: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը ընդհանրապես հրաժարվեց տեսաձայնագրությունից:
Տեղեկացնենք նաեւ, որ այս նյութն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե եւ ֆինանսների նախարարություն՝ որպես հաղորդում ապօրինի առեւտրային գործունեության մասին:
‘