‘ԱԺ գործարար-պատգամավորները Արցախում մերձարեւադարձային մշակաբույսերի աճեցման ծրագրեր են քննարկում’

723

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ լատարած այցի ընթացքում ծանոթացել է Արցախի ներդրումային միջավայրին և հանգել եզրակացության, որ այստեղ որոշ շրջաններ շատ հարմար են մերձարևադարձային այնպիսի մշակաբույսերի աճեցման համար, ինչպիսիք են՝ բանանը, նուռը և ձիթապտուղը:

Այս մասին Tert.am –ին հայտնել է պատվիրակության անդամ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), ով, մտորում է Արցախում նռան այգիներ հիմնելու շուրջ:

«Շատ լավ պայմաններ են և կան շրջաններ, որտեղ ձմռանը 1 աստիճան ցրտից ջերմաստիճանը չի իջնում: Եվ շատ կարևոր է, որ ձմռանը ագիտացիա անենք, ներկայացնենք, որ մարդիկ Ղարաբաղում ռիսկով ներդրումներ անեն», — ասել է պատգամավորը:

Ալեքսան Պետրոսյանը տեղեկացրել է, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված երկու եղբայրներ արդեն 2000 հեկտարի վրա ձիթապտղի այգիներ են հիմնել Ղարաբաղում:

ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, իսկ Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի և Հայաստանի հանրապետությունների շրջանների ու մարզերի միջև համագործակցության հարցերին:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Բորուսիայի» մարզմանը (ֆոտոշարք)’