‘ԱԺ խմբակցություններին է ներկայացվել «Գազային» հանձնաժողովի նախագիծը (փաստաթուղթ)’

1174

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով խմբակցությունների ղեկավարների եւ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ:

Հիշեցնենք, որ գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ ԱԺ նախորդ քառօրյային հանդես էին եկել ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները:

ԱԺ նախագահն այսօր խմբակցությունների քննարկմանն է ներկայացրել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը պետք է ուսումնասիրեն 6 խմբակցությունները եւ իրենց եզրակացությունը ներկայացնեն գալիք հինգշաբթի նախատեսված հանդիպմանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված փաստաթղթի վերաբերյալ արդեն իսկ որոշ դիտարկումներ ունի, որոնք վերջնական տեսքով կներկայացվեն խմբակցությունում քննարկումներից հետո:

«Բայց մեր հարցադրման հիմնական կետն այն է, որ գազային պարտքի կուտակման հարցում շրջանցվել են Սահմանադրությունը եւ օրենքները: Իսկ ներկայացված նախագծում խոսք է գնում ոչ թե պարտքի օրինականության, այլ հիմնավորվածության մասին: Կարծում ենք, որ հանձնաժողովը պետք է լիազորություն ունենա ուսումնասիրելու «գազային» գործընթացի ոչ միայն հիմնավորվածության, այլեւ օրինականության հարցը», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ներկայացնում ենք նախագծի տեքստը ամբողջությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20֊ի ՀՕ-ՅՕՑ օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժոդովը

 ՈՐՈՇՈՒՄ է.

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի .գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)
  2. Հանձնաժողովի խնդիրներն են՝

 1)  բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը,

2)   2011-ից 2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի հիմնավորվածության, չափի և դրա մարման գործընթացի ուսումնասիրությունը,

3)   «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը,

4)   անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների արդյունավետության գնահատումը,

5)   բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի Դաշնության այլ արդյունահանողներից, այլ երկրների արդյունահանողներից, Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով և այլն) հնարավորությունների կանխատեսումները,

6)   Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումներր,

7)   «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի՝

ա) ձևավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը,

բ) կանխատեսումները,

8)   «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների՝

ա) սահմանման մեխանիզմի համապատասխանությունը միջազգային պրակտիկային,

բ) կանխատեսումները,

գ) ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

      3.  Հանձնաժողովը գործում է Կանոնակարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետևյալ տարբերությամբ.

1)   Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) նրա անդամների րնդհանուր թվի առնվազն կեսը, և այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ Կանոնակարգի 26֊րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը.

2)    Հանձնաժողովի  որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների   ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,

3)    հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս Հանձնաժողովի սահմանած անձինք.

4)    Հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի գրավոր.

5)    Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ նրա անդամի  հատուկ կարծիքը կցվում է եզրակացությանը։

     

       4. Կանոնակարգի 30.1-րդ հոդվածով սահմանված լիազորություններից բացի, Հանձնաժողովը կարող է՝

1)  ծանոթանալ իր առջև դրված խնդիրներին վերաբերվող ցանկացած փաստաթղթի.

2)  իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների և փորձագետների.

3)  իր աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

   5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 4 պատգամավոր «Հանրապետական» խմբակցությունից և մեկական պատագամավոր՝ մյուս խմբակցություններից։

   6. Խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

   7. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ

   8. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11֊ին.

   9. Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։

   10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին է ներկայացնում մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը։

   11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո, կամ սույն որոշման 8-րդ մասով սահմանված ժամկետում եզրակացություն չներկւսյւսցնելու դեպքում՝ եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման այլ ժամկետ չի սահմանվում։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ «2013 թվականի դեկտեմբերի 2– ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», ինչպես նաև «2013 թվականի դեկտեմբերի 2֊ ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերն Ազգային ժողովում քննարկելու ընթացքում հանրության լայն շրջանում առաջացել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք ուսումնասիրության և պարզաբանման կարիք ունեն։

«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ նրա առջև խնդիր դնելով ուսումնասիրել և եզրակացություն ներկայացնել նշված հարցադրումների կապակցությամբ, որոնք ամփոփ ձևով ներկայացված են հանձնաժողովի խնդիրներում։

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ միգրացիոն օրենքը խախտած 170 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրն անհայտ է’
Հաջորդ հոդվածը‘Թալանել են «Երեւան Սիթիի» տաղավարները. Դրանք այժմ փակ են’