‘
Քիչ առաջ Ազգային ժողովը 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է խորհրդարանի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին:
ԱԺ աշխատանքները սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն՝ ԱԺ բոլոր խմբակցություններից մեկական պատգամավորի մասնակցությամբ:
Թեև նախագծի վիճարկվող դրույթների վերաբերյալ վերջնական փոխհամաձայնություն խմբակցությունները դեռ ձեռք չեն բերել, սակայն, ինչպես ԱԺ դահլիճում հայտարարեց նախագծի հեղինակներից Արփինե Հովհաննիսյանը, «փոխհամաձայնության եզրեր կան»:
Հիշեցնենք, որ երեկ բուռն քննարկվում էր այս նախագիծը, որը հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Օրինագծով նախատեսվում է փոխել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման կարգը: Նախագծում կա «ընդդիմություն» և «ոչ ընդդիմություն» ձևակերպումը, ինչն էլ բուռն քննարկումների պատճառ դարձավ:
Hetq.am-ի փոխանցմամբ, ընդդիմությունը պահանջում է հանել այդ ձևակերպումները, քանի որ խորհրդարանում, ի դեմ ԲՀԿ-ի, կա քաղաքական ուժ, որն իրեն այլընտրանք է հռչակել, և եթե ԲՀԿ-ն իշխանություն չէ, ապա ընդդիմություն էլ չէ:
«Ընդդիմություն» և «ոչ ընդդիմություն» ձևակերպումները ընդդիմադիրների համար սկզբունքային հարց են, քանի որ նախագծով առաջարկվում է հանձնաժողովում հավասարեցնել ընդդիմության և իշխանության տեղերը:
Խորհրդարանական ընդդիմությունը և ԲՀԿ-ն հայտարարել են, որ եթե իրենց առաջարկները չընդունվեն, ապա հանձնաժողովից հետ կկանչեն իրենց անդամներին, և հանձնաժողովում կմնան միայն ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորները:
‘