‘
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ խմբակցությունն առայժմ ձեռնպահ է քվեարկում՝ սպասելով իր ներկայացրած առաջարկների արձագանքին:
«Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի համար է այս պահին այս օրենքը ներկայացվել Ազգային ժողով, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով ինչ-որ մեկի անձնական իշխանությունը երկարացնելու ծրագիրը», — ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ օրինագծին թեեւ կողմ են քվեարկելու, բայց այլ ընդդիմադիրների հետ համատեղ որոշ առաջարկներ են ներկայացնելու հեղինակներին: Մասնավորապես, նրա խոսքով՝ առաջարկվելու է, որ հանրաքվեից հետո մասնակիցների ցուցակները հրապարակվեն:
Նախագծի համահեղինակ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն:
‘