‘ԱԺ-ն արտոնություններ տվեց Դիլիջանի միջազգային դպրոցին’

999

Ազգային ժողովը հունիսի 12-ին 87 «կողմ», 5 «ձեռնպահ» և 20 «դեմ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ հայտարարություններով հանդես եկան ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով նախագծի վերաբերյալ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության առաջարկներին:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մասնավորապես, հայտնեց, երկրորդ ընթերցման ժամանակ իրենք կողմ կքվեարկեն, եթե կառավարությունն ընդունի քաղաքացիական նախաձեռնության կողմից «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի Հայաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողների համար, որոնք ըստ կառավարության, կազմելու են ուսանողների 10 տոկոսը, միջազգային բակալավրիատի ծրագիրը կազմակերպել որպես հայկական կրթական ծրագիր, նաև՝ եթե կառավարությունը ներկայացնի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն ամբողջությամբ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ևս հորդորեց կառավարությանն ուշադրությամբ ընթերցել քաղաքացիական նախաձեռնության «շատ նորմալ, շահեկան» առաջարկությունները, կարծիք հայտնելով, որ դրանք «բավականին կմեղմեն դեմ տրամադրությունները»:

Նույն խմբակցության կազմում ընդգրկված պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը քաղաքացիական նախաձեռնության անունից հայտնեց, որ լեզվի հետ կապված առաջարկությունը մինչև երկրորդ ընթերցում կառավարության կողմից ընդունվելու դեպքում նախաձեռնությունը ևս կպաշտպանի օրինագիծը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ իրենք այս անգամ «ձեռնպահ» կքվեարկեն, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ խմբակցության քվեարկությունը պայմանավորված կլինի հնչած առաջարկությունների նկատմամբ կառավարության վերաբերմունքից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խիստ տրամաբանական համարեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության առաջարկը: «Մենք ևս կարծում ենք, որ մինչև երկրորդ ընթերցում այն պետք է ներառվի. այն բացառապես բխում է ՀՀ այն աշակերտների շահերից, ովքեր սովորելու են այդ դպրոցում»,-ընդգծեց Ն.Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց առաջարկները ներկայացնել կառավարությանը, քանի որ վերջինս այս օրինագիծը համարել է անհետաձգելի և առաջարկել այն քննարկել հատուկ ընթացակարգով: Ըստ ԱԺ-ի կողմից ընդունված որոշման՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է առաջին ընթերցմամբ այն ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Այցելել են Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հայաստանը ԱՄՀ սահմանած ցուցանիշներին կհասնի 340 տարուց’