‘ԱԺ-ն 5 տարում ավտոմեքենաներ գնելու համար ծախսել է 351 մլն դրամ’

1788

«Ասպարեզ» օրաթերթը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովից ստացված տեղեկանքը` 2009-2013 թթ. ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների մասին: Ըստ այս տեղեկանքի, ՀՀ Ազգային ժողովը 5 տարում գնել է 26 ծառայողական ավտոմեքենա, ծախսելով 351,37 մլն դրամ: Այս գումարի մոտավորապես 78 տոկոսը ստացել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որը ԱԺ-ին մատակարարել է Տոյոտա մակնիշի տարբեր մոդելների 22 ավտոմեքենա, «Եվրոմոթորս» ընկերությունը ստացել է այս գումարի մոտ 15 տոկոսը, ԱԺ-ին մատակարարելով ընդամենը մեկ մեքենա` BMW 750 LI, սա 2011 թվականին աղմուկ հանած այն 54 մլն դրամանոց (մոտ 130 հազար դոլար) ավտոմեքենան էր, որ գնվել էր ՀՀ ԱԺ նախագահի համար: Վերջերս, սակայն կառավարությունը 33,15 մլն դրամ հատկացրեց ԱԺ-ին Toyota Land Cruiser մոդելի ավտոմեքենա գնելու համար:

Հատկանշական է, որ ըստ ԱԺ տեղեկանքի, այս աղյուսակում բերված բոլոր ավտոմեքենաների գնումներն իրականացվել են բանակցային ընթացակարգ առանց հայտարարության (ԲԸԱՀ` նախկին «գնում մեկ անձից») կարգով, այսինքն` առանց մրցույթների:

Նախագահի աշխատակազմից տրամադրած տեղեկանքի համաձայն, նախագահական պալատը 5 տարիների ընթացքում գնել է թվով 21 ավտոմեքենա, ծախսելով 237,985 մլն դրամ` նույն ժամանակահատվածում ԱԺ ծախսածի 67,7 տոկոսի չափ: ՀՀ Նախագահի աշխատակազմը 21 ավտոմեքենաներից 17-ը ձեռք է բերել «Տոյոտա Երեւան» ընկերությունից, վճարելով վերջինիս 194,24 մլն դրամ, «Մուրան» ՍՊԸ-ից գնել է 2 ավտոմեքենա` ընդամենը 20 մլն դրամով, «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ից գնել է մեկ ավտոմեքենա` 12,745 մլն դրամով, եւ` «Կարկոմավտո» ՍՊԸ-ից մեկ ավտոմեքենա 11 մլն դրամով:

Ինչպես եւ ՀՀ ԱԺ 2009-2013 թթ. ավտոմեքենաների գնումների դեռպքում, այստեղ էլ գնումների առյուծի բաժինը իրականացվել է «Տոյոտա Երեւան» ընկերությունից` գործարքային ընդհանուր գումարի 81,2%-ը:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկանքի, գնված 21 ավտոմեքենաներից 14-ը գնվել է բանակցային ընթացակարգով` առանց հայտարարության (ԲԸԱՀ` նախկին «գնում մեկ անձից»), մնացած 7 մեքենաները` շրջանակային համաձայնագրով: Դատելով ՀՀ ԱԺ եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի տրամադրած տեղեկություններից, այս երկու հաստատություններում ակնհայտ համակրանք կա «Տոյոտա Երեւան» ՍՊԸ եւ «Տոյոտա» մեքենաների նկատմամբ, ու` բազմամիլիոնանոց գնումները բանակցությունների միջոցով եւ ոչ թե մրցույթներով անելու հատուկ սեր:

ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկացնում է նաեւ, որ 2009-2014թթ. ընթացքում աշխատակազմի հաշվեկշռից ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն 7 ավտոմեքենա դասական աճուրդով օտարվել է, 7 ավտոմեքենա ենթակա է օտարման, 5 ավտոմեքենա սեփականության իրավունքով հանձնվել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:

Նախորդ հոդվածը‘Ուսման վճարների փոխհատուցման համար սահմանվել է գնահատականի նվազագույն շեմը’
Հաջորդ հոդվածը‘Վերականգնվել է Հայաստան ռուսական գազի մատակարարումը’