‘
Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ձևաչափ գտնել հետընտրական զարգացումներն Ազգային ժողովում քննարկելու համար: Օրենսդիր մարմնի քառօրյա նիստերի օրակարգից զատ նաև ներքաղաքական հարցերի քննարկման առաջարկություն նախօրեին արել էին ընդդիմության ներկայացուցիչները: «Մենք երեկ հանդիպել ենք «Ժառանգության» և ՀՅԴ-ի ներկայացուցինչերի հետ, եղել է առաջարկ, և հիմա մենք քննարկումների մեջ ենք ու փորձելու ենք ձևաչափ գտնել: Մենք այսօր կհանդիպենք և ձևաչափի մասին կխոսենք»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ փետրվարի 26-ի Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ որոշում է կայացվել իր` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին ԱԺ հրավիրելու առաջարկի առնչությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քարտուղարությունը պայմանավորվածություն ձեռք կբերի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և Նիկոլ Փաշինյանի առաջարկած հարցը ևս կքննարկվի:
Ընդդիմությունն Ազգային ժողովի մեծամասնությանն արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ էր արել: Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությանը փետրվարի 25-ին մասնկացել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
‘