‘ԱԺ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ զանգի հեղինակը Երեւանի բնակչուհի է. ՔԿ’

4029

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։

2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ։ Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել և պայթուցիկ շենքում չէր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի բնակչուհի, ով հարցաքննվել է։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Փողերի լվացման սխեման Ադրբեջանի վերնախավի և ԵՄ քաղաքական գործիչների միջև’
Հաջորդ հոդվածը‘Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան’