‘ԱԺ-ում փորձում են պարզել` ինչու՞ է բարակել Իշխան Զաքարյանի ձայնը’

1595

Ազգային ժողովում պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության վերաբերյալ: Ելույթ ունեցողների ճնշող մասը, ինչպես սպասվում էր, Զաքարյանին հիշեցնում է այս տարվա հունիսին ԱԺ-ում նրա հաշվետվությունը, որի ընթացքում հարյուրավոր միլիարդների հասնող չարաշահումներ էին ներկայացվում: Իսկ օրեր անց նախագահական նստավայրում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո չարաշահումների մասին խոսակցությունները մարեցին:

«Երեք-չորս օր ազգը «մալուխացավ էր կպել» ձեր հայտարարությունից հետո, թե 120 դրամանոց մալուխը 300 անգամ թանկ գնով են վաճառել: Ձեր հայտարարություններում քրեական օրենսգրքին առնչվող բազմաթիվ փաստեր կային. եւ, այնուամենայնիվ, չարաշահման որեւէ դեպք չքննվեց իրավապահների կողմից: Այնքան թափանցիկ է եղել ամեն ինչ, որ բոլորին հասկանալի է, թե ինչու այդ բացահայտումները շարունակություն չունեցան: Մեծամասնություն ունեք, կքվեարկեք, կանցնի: Բայց դրանով այս կառույցի առանց այդ էլ ցածր հեղինակությունն ավելի կընկնի», — այսօր հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը` դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին:  

«Ժառանգությունից» մեկ այլ պատգամավոր` Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Զաքարյանի թեկնածությանը, ինչպես դեմ կքվեարկեր այս համակարգում ներկայացվող ցանկացած անձի թեկնածությանը:

«Դուք նոմենկլատուրայի ներկայացուցիչ եք եղել դեռեւս սովետական տարիներից ի վեր` մինչ օրս: Ու չեմ կասկածում, որ ասենք, Շանթ Հարությունյանի գլխավորած իշխանությունում նույն հաջողությամբ Ցեղակրոնության ամբիոնի վարիչ աշխատեք: Բայց հարցը ձեր անձի մեջ չէ: Մենք իբր ունենք անկախ դատարաններ, հեռուսատատեսություն, Դուք էլ հիմա իբր անկախ ՎՊ եք», — նշեց Արզումանյանը: Նրա խոսքով, Վերահսկիչ պալատը անկախ մարմին չէ, եւ չի կարող իրապես վերահսկել գործադիր մարմինների գործունեությունը:

«Նույնն է, թե ասենք, որ քրեակատարողական հինարկի «սմենի» պետը վերահսկում է ՔԿՀ ներքին գործընթացները: Դուք այս պարագայում «սմենի» պետ եք», — հայտարարեց պատգամավորը` որպես իր ասածի հաստատում նշելով, որ  անկախ մարմինների ղեկավարներին չեն  նշանակում:

Դաշնակցության անունից պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հերթին դժգոհեց ՎՊ անկախության բացակայությունից՝ նույնպես հիշելով, որ հունիսին «մեղադրողը մեկ խորհրդակցությունից հետո դարձավ մեղադրյալ եւ, հայտնվելով լուրջ ճնշումների տակ, ստիպված եղավ պաշտպանվել»: Նա նշեց, որ  վերահսկող գործառույթները պետք է վերապահել ընդդիմությանը: Այդ դեպքում, ըստ նրա, Զաքարյանը աշակերտի նման չէր ներկայանա Սերժ Սարգսյանին:

Այնուհանդերձ, ՀՅԴ-ը դեմ չի քվեարկի Իշխան Զաքարյանի թեկնածությանը:  «Դաշնակցությունը պարզապես չի մասնացի քվեարկությանը», — հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Քննարկումները կշարունակվեն ընդմիջումից հետո: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների’