‘ԱԺ տարածք ներխուժած երիտասարդը կալանավորվել է’

924

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2013թ. մարտի 22-ին` ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:

Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու և վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս.-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում` պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։

2013թ. մարտի 25-ին Վրեժ Գալստյանի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Այսօր Երևանում սպասվում է է +16, իսկ հաջորդող երկու օրերին՝ +19’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն հերթական տարեկան զեկույցն է հրապարակել Հայաստանի մասին ‘