‘ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին (հայտարարություն)’

1890

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձեւում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձեւի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետություններին, ուր ասվում է. «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը եւ ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների՝ Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ է  եղել թե՛ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանառվող, թե՛ ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տառին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ`վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան

«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լեւոն Զուրաբյան

ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան

09.09.2013

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստների դատ. Փաստաբան Ոսկանյանը միջնորդել է փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ’