‘ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ավել լայն թափով շարունակել պայքարը’

1148

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայտարարությունեն տարածել` անդրադառնալով վերջին օրերին ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողության բազմաթիվ քաղաքացիների ընդվզման դեպքերին:

«Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին: ՀՀ Ազգայի ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը: Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները: Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը: Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

14.02.2014թ.»

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի նպատակն է` գործարարի ազատագրման հեղափոխությունը Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ». Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից’