‘Ալավերդիում աղբի հարցը լուծված է. Ուտելու բան չկա’

1514

Ալավերդիում վիճակը շատ վատ է՝ պատմել է Լոռուց երեկ մայրաքաղաք եկած եւ «Հրապարակի» խմբագրություն այցելած քաղաքացին: «Մի բան է լավ՝ աղբի հարցը լուծված է: Ոչ ուտելու բան կա, ոչ էլ աղբ է առաջանում»,- սեւ հումոր է անում ալավերդցին: Նա պատմում է, որ քաղաքը դատարկվում է, «Մանես-Վալեքսի» արտադրած ծուխը «քաղաքի հերն անիծել է»:

Քաղցկեղն այնքան է շատացել, որ ով վատ է զգում՝ մտածում է իր վերջը եկել է: Գոնե կոմբինատում աշխատողները նորմալ աշխատավարձ չեն ստանում, որ կարգին սնվեն, բուժվեն, պատմում է թերթի այցելուն եւ նկատում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 3-4 անգամ ալավերդցիներից շատ են ստանում: Ու դա բացատրում է լոռեցիների համեստությամբ: Ինչո՞ւ չեք պայքարում, ինչո՞ւ չեք պահանջում, որ աշխատավարձերը բարձրացնեն, հարցնում եմ ես: Ո՞նց պայքարենք, նույնիսկ արհմիութենական կազմակերպություն չկա: «Մի քանի տարի առաջ փորձեր արեցինք, Վալերը պայքարողներին գործից հանեց, իսկ արհմիությունն էլ վերացրեց»:

Ալավերդի քաղաքի մասին պատմությունն ավելի մուգ երանգներ է ստանում, երբ սկսում է թվարկել, թե ինչ օբյեկտներ կան, ովքեր են տերերը: «Մի հատ սուպերմարկետ կա Ալավերդու մեջ, ՊՊԾ պետինն է՝ Պարանյան Գեւորգինը: Ալավերդու վերին մասում սրճարանը քրեական հետախուզության պետի տեղակալ Աշոտ Տիտանյանինն է: Սանահինի սարահարթում ռեստորան-սրճարանը մարզպետինն ու էլցանցի պետինն է: Երեք հատ ռեստորան ունի Վալերի Մեջլումյանը: Դրանք եղբայրն է աշխատացնում՝ Վալոդը: Բայց էս հաստատություններից օգտվողներն էլ իրենք են. ռեստորան գնալ, սուպերմարկետից առեւտուր անել մենակ իրենք են կարողանում: Հացի գործարանը Եսայան Կարենինն էր, վաճառեց մարզպետի եղբորը: Հա, բիզնեսմեններից մեկ էլ Սերգո Երիցյանն է, ով զուգարանի թղթի արտադրամաս ունի Ճոճկանում՝ շահումով»: Պարզվում է՝ թղթի գնորդները կարող են փլեյեր շահել: Ալավերդցին էլի սեւ հումոր է անում. «Սրբիր, որ շահես»: Մարդիկ շարվեշարան գնում են Վրաստան, Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու: Մարդկանց մի խումբ էլ կա՝ գնում, Բագրատաշենում վրացիներին արյուն է հանձնում: Դոնորներ են: Դրանով են փող աշխատում: Այս ծանր պատկերը ներկայացնելուց հետո ալավերդցին անտրամադիր հեռանում է՝ համոզված, որ ոչ գրելն է օգնելու, ոչ էլ իր բողոքն է տեղ հասնելու:

Նախորդ հոդվածը‘Անգլիացիները ակնարկել են, թե ում պատճառով է Մխիթարյանի տրանսֆերը ձախողվում’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհը Լատվիայի նախագահի նստավայրում վնասել է ազգային մասունքները (տեսանյութ)’