‘
Այսօր՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել: Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին, Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը: Գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: Հայտնում է Hetq.am-ը:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում շարունակում են պնդել, թե գործարանի գլխավոր ծխատարը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո Ալավերդիում նվազել է գործարանի վտանգավոր արտանետումների քանակը: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ քաղաքի վրա նստած արտանետումները ոչ թե արտադրական վթարի հետևանք են, այլ պայմանավորված են անձրային եղանակով: Թե ինչ կապ ունեն մետալուրգիական արտադրամասի մեծ արտանետումները խոնավ եղանակի հետ, չի հաջողվել բացահայտել:
‘