‘
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հոկտեմբերի 14-ին ֆուտբոլային հանդիպման ընթացքում ծագած սկանդալի պատճառով հետաձգել է նախատեսված այցը իր սերբ գործընկերոջը՝ Ալեքսանդր Վուչիչին: Այդ միջադեպը, ինչպես նշել է Associated Press-ը, Բալկանյան թերակղզու երկու երկրների հարաբերություններում լարվածություն է մտցրել:
Կառավարությունների ղեկավարները պետք է հանդիպեին հոկտեմբերի 22-ին, սակայն հեռախոսազրույցի ընթացքում որոշել են Ռամայի այցը Բելգրադ հետաձգել մինչև նոյեմբերի 10-ը:
Ֆուտբոլի սկանդալային հանդիպումից հետո Կոսովոյի տարածքում, ինչպես նաև Սերբիայի մի քանի քաղաքներում, սերբ-ալբանական միջէթնիկ ընդհարումներ են տեղի ունեցել, հաղորդել է ТАСС-ը: Սերբիայի ԱԳՆ-ն միջադեպն անվանել է «կանխամտածված և նախապես պլանավորված քաղաքական սադրանք»:
Հիշեցնենք, որ Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը 0:0 հաշվով ընդհատվել էր խաղի 44-րդ րոպեին, երբ սերբ հարձկվողը փորձել էր պոկել խաղադաշտի վրա բաց թողնված ալբանական դրոշը, ապա ծեծկռտուք էր սկսվել, որին մասնակցել էին նաև թիմերի երկրպագուները: Սադրանքը կազմակերպելու մեղադրանքով մարզադաշտի VIP-սրահում ձերբակալվել էր Ալբանիայի վարչապետի եղբայրը՝ Օրֆիա Ռաման: Պարզվել էր, որ նա ԱՄՆ քաղաքացի է, ուստի նրան ուղարկել էին Ալբանիա: Փոխանցում է lenta.ru-ն:
‘