‘Ալբանիա — Հայաստան. Խաղից առաջ’

3607

‘

Ալբանիայի Էլբասան քաղաքի «Ռուշդի Բիշուտա» մարզադաշտում այսoր  տեղի կունենա 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ մրցափուլի հանդիպումը Ալբանիայի և Հայաստանի հավաքականների միջև:

Հանդիպումն առաջին հերթին որոշիչ կարող է լինել Հայաստանի հավաքականի համար: Հնարավոր անհաջողության դեպքում մեր թիմի հնարավորությունները խմբից դուրս գալու համար կտրուկ կնվազեն:

Ալբանացիները զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը՝ 4 միավորով:Իտալացի մասնագետ Ջանի դե Բյազիի սաներն արդեն հասցրել են զարմացնել բոլորին՝արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթելով Պորտուգալիայի հավաքականին: Հիշեցնենք նաև, որ Սեբիայի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը մրցավար Մարտին Ատկինսոնի կողմից դադարեցվեց ֆուտբոլիստների միջև ծագած կռվի պատճառով: Արդյունքում՝ ալբանացիներին տեխնիկական պարտություն գրանցվեց:

Հայաստանի ազգային հավաքականը իր խմբի հետնապահն է և ընդամենը մեկ միավոր ունի իր հաշվին: Այս հանդիպումը շատ վճռորոշ կարող է դառնալ Բեռնար Շալանդի սաների համար, ուստի նրանք ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար: Հայաստանի ազգային  ընտրանու հույսերից է Հենրիխ Մխիթարյանը, ում խաղից այսօր շատ բան է կախված: Կիսապաշտպանը մեր թիմի գրոհների հիմանական կազմկերպիչն է: Այն, որ Հենրիխը իր խաղով առանձնանում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղյակ են նաև մրցակցի ճամբարում: Այս մասին  նշել էր նաեւ ալբանացիների մազրիչը՝ Դի Բիազին: Դժվար է կարծել, որ իտալացին չի  հորդորի իր սաներին հատուկ ուշադրություն դարձնել  «Բորուսիայի» խաղացողի նկատմամբ:

Հետաքրքիր կլինի հետևել Հայաստանի հավաքականի խաղին երկու առաջ քաշված հարձակվողներով՝ ի դեմս Յուրա Մովսիսյան — Արթուր Սարկիսով զույգի: Այս պարագայում ավելի հեշտ կլինի առջեւի գծում: Նախորդ խաղերում բազմիցս ենք տեսել, թե որքան դժվար է եղել միայնակ Մովսիսյանին հարձակման սուր ծայրում: Նույն պորտուգալացիների հետ խաղում Յուրայի եւ կիսապաշտպանական գծի տղաների միջեւ մոտ 60 մետրանոց անդունդ էր: Հայ կիսապաշտպանները հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով,  իսկ Մխիթարյանն էլ ի վիճակի չէր միայնակ գնդակով անցնել մրցակցի պաշտպաններից, դուրս գալ նպաստավոր դիրք, գտնել ազատ Յուրային եւ կատարել վերջին փոխանցումը: Հենոն ավելի վտանգավոր է, երբ խաղում է առջեւի գծում, երբ կատարում է իր անմիջական պարտականությունները:

Եթե հաշվի առնենք, որ մարզիչը խոսք է տվել փոփոխության ենթարկել Հայաստանի հավաքականի խաղը, իսկ առաջիկա խաղում էլ մեզ միայն հաղթանակ է պետք, ապա մեր հավաքականը պարտավոր է ագրեսիվ եւ հարձակվողական ֆուտբոլ խաղալ:

Կարելի է փորձել խաղալ 4-4-2 (4-1-3-2) մարտավարական սխեմայով. որտեղ եզրային կիսապաշտպաններից մեկը կլինի Հենրիխ Մխիթարյանը, իսկ կենտրոնում կգործի Մարկոս Պիզելին: Գրեթե վստահ ենք՝ մրցակիցը հաշվի է առնելու նաեւ այս տարբերակը, բայց քիչ հավանական է այն համարելու: Վստահ ենք, որ միայն նման ստեղծարար քայլերի դեպքում կարելի է անակնկալի բերել հակառակորդին:

‘

Նախորդ հոդվածը‘ ՈւԵՖԱ-ն կհետաքննի Մոնտենեգրո-Ռուսաստան հանդիպման միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը Գյումրիում կատարված դանակահարության առթիվ’