‘Ալեքսանդր Արզումանյան. Ինձ Նաիրի Հունանյանը չի հետաքրքրում ‘

1169

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովներն այցելում են քրեակատարողական հիմնարկներ, քանի որ այդ երկու հանձնաժողովները նոյեմբերի 20-ին անց են կացնելու լսումներ՝ կապված քրեակատարողական հիմնարկների պայմանների հետ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: 

«Այցելություններ են եղել Նուբարաշեն, Էրեբունի և Կենտրոն, հանդիպել ենք քսան հոգու, այդ թվում՝ Նաիրի Հունանյանի խուց ենք մտել»,- ասաց Արզումանյանը: 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչև այցելությունը մամուլը չիմացավ այդ մասին, Արզումանյանը պատասխանեց, թե իրենք են որոշում՝ ում են հանդիպում, գնում են, «նայում նպատակահարմարությունը սրա և նրա հետ հանդիպելու»: Պատգամավորի խոսքով՝ իրենք նախապես ծրագրված չեն գնում որևէ մեկին տեսնելու: Արզումանյանը չցանկացավ խոսել Նաիրի Հունանյանին այցից ստացած տպավորությունների մասին: 

«Ինձ Նաիրի Հունանյանը չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում են քրեակատարողական հիմնարկների պայմանները, որոնց մասին ես հանդես կգամ լսումների ժամանակ»: 

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը ևս այցելել էր «Երևան» քրեակատարողական հիմնարկ, iLur.am-ի հետ զրույցում Նաիրի Հունանյանին հանդիպելու նպատակահարմարությունը բացատրեց նրանով, որ խոսակցություններ կային, թե Հունանյանը հանրապետությունում չէ, վատառողջ է և այլն: Հանդիպումը, պատգամավորի խոսքով, վայրկյաններ է տևել: Պատասխանելով մեղադրանքներին, թե իրենք լրատվամիջոցներից գաղտնի են պահել այն լուրը, որ հանդիպելու են Հունանյանին, Էնֆիաջյանն ասաց. 

«Մամուլի ներկայացուցիչները եթե ուզում են այցելել, իրենք էլ կարող են դիմել քրեակատարողական հիմնարկ, և սահմանված կարգով այդ այցելությունը կազմակերպվի»: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել էին «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ուր իրենց պատիժն են կրում նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողներից Նաիրի և Կարեն Հունանյանները:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն բոլոր հարցերի պատասխանը կտա Գերագույն ժողովից հետո ‘