Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպման մասին։
«Այս հանդիպումը կարևոր ու որոշիչ է մեզ համար։ Կարող եմ կրկնել Սպերցյանի խոսքերը․ մնացել է 5 հանդիպում, և յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է մեզ համար։ Եթե վաղը հաղթենք Թուրքիային, 90 տոկոսով կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից ու դուրս կմնանք հետագա պայքարից։
Տակտիկական տեսանկյունից ձեզ ոչինչ չեմ ասելու։ Կողմնորոշվել եմ, թե ովքեր են խաղալու պաշտպանության կենտրոնում, բայց դա էլ չեմ ասելու։
Կարծում եմ՝ Բարսեղյանի բացակայությունը մեծ ազդեցություն չի ունենա վաղվա խաղին։ Ես խոսել եմ Տիգրանի հետ ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել նրան։ Բարեբախտաբար, հարձակման գծում մենք մեծ ընտրություն ունենք։ Մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին։
Ստանդարտ իրավիճակներից գոլ չխփելն ինձ անհանգստացնում է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում, Կիպրոսի դեմ խաղում այդպիսի գոլ խփել ենք»,- նշել է ուկրաինացի մասնագետը։