‘Ալեքսեյ Նավալնին նոր քաղաքական կուսակցություն է հիմնում’

1844

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում է Ռուսաստանի  արդարադատության նախարարությունում գրանցել «Աշխատանքային անվանում» («Рабочее название») քաղաքական կուսակցությունը:

«Քանի որ մեր կուսակցության անունները կրեմլյան «ժուլիկները» գողանում են մինչև համագումարը, այս անգամ մենք ծանուցել ենք «Աշխատանքային անվանում» կուսակցության համագումարի մասին: Հետո կանվանափոխենք»,- սոցցանցում գրել է քաղաքական գործիչը:

Կուսակցության հիմնադիր ժողովը նախատեսվում է անցկացնել 2018 թ. մայիսի 19-ին:

Ինչ վերաբերում է Նավալնու ակնարկած «գողությանը», ապա նա նկատի ունի այս տարեսկզբին «Առաջընթացի կուսակցության» հետ կապված պատմություն ը: Այդ կուսակցությունը Նավալնին հիմնադրել էր մի քանի տարի առաջ: Այն անհրաժեշտ էր ընտրություններին մասնակցելու, թեկնածուներ առաջադրելու, պաշտոնական քաղաքական գործունեություն ծավալելու համար: «Առաջընթացի կուսակցությունը» գրանցվել էր 2014 թ., սակայն 2015 թ. ապրիլին արդարադատության նախարարությունը կուսակցությունը զրկել էր գրանցումից: Իսկ երբ Նավալնին կրկին փորձել էր այն գրանցել, նրա շտաբի նախկին անդամ Վիտալի Սերուկանովն անսպասելիորեն հայտարարել էր, որ Մոսկվայում արդեն տեղի է ունեցել «Առաջընթացի կուսակցության» համագումարը, և ինքն էլ այդ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:

Կատարվածի պատասխանատվությունը Նավալնին և նրա զինակիցները դրել էին քաղտեխնոլոգ Անդրեյ Բոգդանովի վրա, որը հայտնի է տասնյակից ավելի սփոյլեր-կուսակցություններ ստեղծելով, այդ թվում՝ КПСС-ը (Коммунистическая партия сoциальной справедливости) ՝ ի հակակշիտ КПРФ-ի: Սակայն Բոգդանովը BBC-ի հետ զրույցում ասել է, որ ինքը կապ չունի նոր «Առաջընթացի կուսակցության» հետ և ընդհանրապես չի ճանաչում Սերուկանովին:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ YouTube-ի կենտրոնակայանում. կասկածյալին մեռած են գտել’
Հաջորդ հոդվածը‘Թրամփն ուզում է զինվորներ ուղարկել մեքսիկական սահման’