‘Ալեքս Ֆերգյուսոն. Գիգզը ճիշտ ժամանակին հեռացավ’

1918

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ Ռայան Գիգզը ճիշտ ժամանակին հեռացավ ակումբից, և բավական ուժեղ բնավորություն ունի, որպեսզի հաջողությունների հասնի մարզչական աշխատանքում։

42-ամյա Գիգզը հեռացավ «Յունայթեդից», երբ ՄՅՈՒ-ի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշեց նրան չներգրավել իր մարզչական շտաբում։ Ֆերգյուսոնը գտնում է, որ Մոուրինյոն ճիշտ ընտրություն է կատարել՝ վստահելով իր օգնական Ռուի Ֆարիային։

«Ժամանակն է, որ Ռայանը ոտքի կանգնի, ընդունի սեփական մարտահրավերը,- ասում է Ֆերգյուսոնը։ Սըր Ալեքսի կարծիքով Գիգզն ամեն ինչ ունի, որպեսզի հաջողության հասնի այդ գործում։- Հապա նայեք նրա մշտական անդրդվելի դեմքին։ Նա նույն բնավորության տերն է։ Իսկ այնպիսի լարված ինդուստրիայում, որտեղ բոլորը բարձր արդյունքներ են պահանջում, անհրաժեշտ են հզոր անձիք՝ պողպատե կառուցվածքով»։

Ֆարիայի հետ Մոուրինյոն աշխատել է նախորդ 6 ակումբներում։ «Օգնականը պետք է այն մարդը լինի, որին վստահես ողջ կյանքդ,- վստահ է Ֆերգյուսոնը։- Երբ ես եկա Մանչեսթեր՝ ինձ հետ վերցրի Արչի Նոքսին։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ էր։ Ես նրան 100 տոկոսով վստահում էի։ Մոուրինյոն նույնպես իր օգնականի հետ աշխատում է երկար տարիներ, և զարմանալի ոչինչ չկա, որ նա իր մարդուն է ընտրել։ Եթե Ժոզեն օգնական չունենար, վստահ եմ, նա Գիգզին կվերցներ»։

Գիգզը հեռացավ «Յունայթեդից»՝ չկարողանալով ակումբի ղեկավարության հետ պայմանավորվել այլ աշխատանքի շուրջ։ Բայց նա մարզչական բոլոր կրծքանշաններն ունի։ Նույնիսկ միայնակ 4 հանդիպում է անցկացրել ՄՅՈՒ-ի ղեկին, երբ 2013-2014 մրցաշրջանում աշխատանքից ազատեցին Դեյվիդ Մոյեսին։ Բացի դրանից՝ մինչև Գիգզի հեռանալու մասին հայտարարությունը ասեկոսեները նրա անունը կապում էին այլ ակումբների հետ։

Ֆերգյուսոնը հույս ունի, որ Ռայանը հավատարիմ կմնա ինքն իրեն և լավ կմտածի նոր թիմի ընտրության մասին։ «Ես կարծում եմ՝ նա պատրաստ է մարզչական աշխատանքին, նա ժամանակակից մարզչի բոլոր որակներն ունի։ Նա հաստատ չէր ուզի փչացնել իր համբավը՝ հայտնվելով այնպիսի ակումբում, որտեղ մարզիչներին հաճախակի են փոխում»,- շարունակել է Ֆերգյուսոնը։

Ֆերգյուսոնը հիանում էր Գիգզով դեռ մինչև այն պահը, երբ վալիացին միացավ «Յունայթեդին»։ Սըր Ալեքսն այնքան երկար է մնացել 13-ամյա եզրային կիսապաշտպանի տանը՝ համոզելով հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», որ Ռայանի մայրը հատուկ շոտլանդացու համար նրա սիրելի թեյը պատրաստեց։

«Մանչեսթեր Յունայթեդում» 17-ամյա վալիացու դեբյուտի պահից մինչև 2013-ին սըր Ալեքսի հեռանալը նրանք միասին 13 անգամ շահել են Պրեմիեր լիգան, 2 անգամ տոնել Չեմպիոնների լիգայի հաղթանակը, շահել են 4 Անգլիայի գավաթ և 4 Լիգայի գավաթ։

Հենց առաջին հայացքից Ֆերգյուսոնը՝ ի դեմս վալիացու, աստղ տեսավ. «Դա անմիջապես նկատվեց դաշտում նրա տեղաշարժվելով,- ասում է Ֆերգյուսոնը, ում ղեկավարությամբ Գիգզն իր 963 հանդիպումներից  941-ն անցկացրել է ՄՅՈՒ-ի մարզաշապիկով։- Նա նման էր կոկեր-սպանիելի, ով սլանում է քամուց քշված թղթի հետևից։ Թվում էր, թե նրա ոտքերը նույնիսկ չեն դիպչում գետնին»։

Նախորդ հոդվածը‘«Յունայթեդ»-ում չեն ցանկանում Մատայի հեռանալը’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016-ի խաղերը ուղիղ հեռարձակմամբ դիտել է ավելի քան 6 մլրդ մարդ’