‘
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է ԵԽ-ին, նա հայտարարել է, որ Եվրախորհրդի հետ հարաբերություններում ճգնաժամի շարունակականության պարագայում իր երկիրը կլքի ԵԽ-ն:
Ալիեւը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ԵԽ-ն Ադրբեջանին արդեն դատարանով է սպառնացել՝ ՄԻԵԴ-ի կողմից ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկի գործով կայացրած ազատ արձակման վճիռը չիրականացնելու համար:
Ելույթ ունենալով իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության 25-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ալիեւը Ադրբեջանի եւ ԵԽ-ի հարաբերություններում առկա ճգնաժամի համար մեղադրել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
«ԵԽ գլխավոր քարտուղարի վերջին գործողությունների արդյունքում մեր երկրի եւ այդ կառույցի միջեւ արհեստական ճգնաժամ է առաջացել: Մենք ընդամենը ադեկվատ քայլեր ենք ձեռնարկում մեր դեմ իրականացվող անարդար եւ կեղծավոր քաղաքականության դեմ: Եթե այդ ճգնաժամը շարունակվի, Ադրբեջանը կարող է ազատ գործել. մենք կամավոր անդամակացել ենք այդ կառույցին, եւ կամավոր կարող ենք լքել այն»,- հայտարարել է Ալիւեը՝ հավելելով, թե Ադրբեջանում գործում է արտասահմանից ղեկավարվող «հինգերորդ շարասյուն»:
‘