‘
Հոգու խորքում որքանո՞վ է ազնիվ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, երբ ասում է, թե իբր ինքը Տիգրան Առաքելյանի գործի հետ ուղղակի առնչություն չունի, թե իբր դա եղել է համապատասխան մարդկանց հետ, մարմինները զբաղվել են, քրեական գործ է հարուցվել: «Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը: Այդ դեպքում միգուցե, այլ պաշտոնյաների էլ հրավիրեն որպես վկա, այլ նախարարությունների ղեկավարներին: Ցանկանում եմ ասել, թե ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ: Այս ամենը ինձ հետ կապ չունեցող ջուրծեծոցի է: Դա նույնն է, ինչ հարցնեք, թե Իսպանիայում գնացքը շուռ եկավ՝ ի՞նչ կարծիքի եք: Կարծիքի չեմ: Չեմ ցանկանում պատասխանել»,- news.am-ին ասել է Ալիկ Սարգսյանը:
Այս հարցը (այսինքն՝ ազնիվ լինելը) հռետորական է, իհարկե, եւ դրանից պատասխան ակնկալել կարելի է միայն այն դեպքում, եթե, օրինակ, ընդունենք, որ Ալիկ Սարգսյանն ունի հոգու խորք, ու մանավանդ՝ ազնվություն: Որպես կանոն՝ այս երկու հատկանիշները որոշ մարդկանց միջից անհետանում են, երբ նրանք հասնում են բարձր պաշտոնների, դիրքի, հարստության: Որպես կանոն՝ այս վերջինները անհամատեղելի են հոգու խորքի ու ազնվության հետ, եւ իրար հեչ չեն սիրում:
Երբ Ալիկ Սարգսյանը հիշատակում է Իսպանիայում գնացք շուռ գալու ենթադրյալ դեպքի հետ իր կապի ու կարծիքի մասին, մոռանում է, որ ինքը Իսպանիայի տրանսպորտի նախարարը չէ, եւ այս առումով իր համեմատությունը կաղում է երկու ոտքով: Մինչդեռ, երբ տեղի ունեցան Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների հետ կապված միջադեպը, ձերբակալությունը, կալանավորումը, նախաքննությունը, Ալիկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանապետն էր եւ ի պաշտոնե ուղղակիորեն առնչվում էր այդ գործի հետ: Առնչվում էր նաեւ այն իմաստով, որ գերազանցելով իր լիազորությունները՝ նախաքննության փուլում դեպքի հետ կապված հայտարարություններ էր անում, գնահատականներ ու որակումներ տալիս, ուղղորդում նախաքննական մարմնին: Եւ պատահական չէ, որ ՀԱԿ ակտիվիստները պնդում են, որ Ալիկ Սարգսյանի հարցազրույցներում արված հայտարարություններն ապացուցում են, որ նա ուղղորդել եւ ճնշում է գործադրել գործի քննության ընթացքի վրա։ Նաեւ մի շարք հակասական, իրարամեժ հայտարարություններ է արել ակտիվիստների ձերբակալությունից հետո, նշել, թե անձամբ է հանդիպել գործով տուժող ճանաչված ոստիկաններին, մինչդեռ ոստիկանները դատարանում հերքել են, որ հանդիպել են Ալիկ Սարգսյանին:
Այսինքն, ի սկզբանե՝ գործում կան հակասություններ, իրարամերժ, ոչ արժանահավատ պահեր եւ, ինչպես նշել է Տիգրան Առաքելյանը, եթե մեկ դրվագում կա անօրինականություն, ապա պետք է անարժանահավատ համարել ողջ նախաքննության ընթացքը: Կամ էլ դատաքննությունը պետք է պարզի դրանց իսկությունը, արժանահավատություն-անարժանահավատությունը: Իսկ դա պարզելու համար անհրաժեշտ է, որ բավարարվի Տ. Առաքելյանի միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչպես նաեւ հրապարակել նրա ասուլիսի տեսագրությունը։ Այս միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակի եւ պաշտպանական կողմին առաջարկել է սղագրել եւ դատարանին ներկայացնել այդ ասուլիսը, որից հետո նոր կքննարկվի Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու անհրաժեշտությունը։
Իսկ որ նման անհրաժեշտություն կա՝ պարզից էլ պարզ է: Մասնավորապես, ըստ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի՝ ինքը կարող է պնդել, որ կա տարբերություն մամուլի հրապարակման եւ տեսանյութի բովանդակության միջեւ: Օրինակ, նա նշել է այն հանգամանքը, որ Ալիկ Սարգսյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ միջադեպի մասնակից ոստիկանները թեթեւ վնասվածքներ են ստացել, բայց ինքն ասել է, որ դրանք չգրեն: Ըստ Սարգիս Գեւորգյանի՝ դա ապացուցում է, որ Ալիկ Սարգսյանը ի սկզբանե ուղղորդել է նախաքննությունը՝ ոչ օրինաչափ ձեւով:
Այնպես որ՝ եթե Ալիկ Սարգսյանը կապ չունի Իսպանիայում շուռ եկած գնացքի հետ, ապա շատ սերտ առնչություն ունի Տիգրան Առաքելյանի կալանավորման ու դատապարտման հետ, կապ ունի այն բանի հետ, որ այսօր Հայաստանում կա քաղբանտարկյալ:
Համլետ Կիրակոսյան
‘