Ալիևը կարևորում է ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղի կայունացման հարցում

126

Ադրբեջանը բարձր է գնահատում ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու հարցում։

Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է ռուսաստանյան «Национальная оборона» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ամսագրի սեպտեմբերյան համարում։

«Այժմ մեզ մոտ նոր փուլ է (Ռուսաստանի հետ հարաբերություններում)՝ ես կասեի, քանի որ փոխգործակցությունն ավելի սերտ է, շփումներն ավելի ակտիվ են, քանի որ ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղյան տարածաշրջանում են։ Բնականաբար, այդ թեման նույնպես մշտապես օրակարգում է, և պետք է նշեմ, որ գրեթե մեկ տարի է անցել, ու ամեն ինչ նորմալ է ընթանում, առանց միջադեպերի, ընդհակառակը, կատարյալ փոխըմբռնմամբ և փոխգործակցությամբ։ Եվ մենք բարձր ենք գնահատում ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը իրավիճակի կայունացման հարցում։ Դա կայունության կարևոր գործոն է»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը նաև նշել է, թե հույս ունի, որ հաշտություն կհաստատվի հայերի ու ադրբեջանցիների միջև՝ դրանում կարևորելով Ռուսաստանի դերը։ «Մենք հարևաններ ենք և իրարից ոչ մի տեղ չենք փախչելու։ Ուստի հարկավոր է իրականությունը ճիշտ ընկալել։ Եվ այդտեղ Ռուսաստանի դերը, իհարկե, շատ կարևոր է, և մենք տեսնում ենք, որ այդ դերը շատ դրական է»,- ընդգծել է Ալիևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲարսելոնայում բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ Իտալիայում Պուչդեմոնի ձերբակալության
Հաջորդ հոդվածըԹալիբները Աֆղանստանի նախկին նախագահից պահանջում են վերադարձնել գողացած փողը