‘Ալիևին Ֆրանսահայ համայնքը կդիմավորի բողոքի ակցիայով ‘

821

Ֆրանսահայ համայնքը պատրաստվում է բողոքի հանրահավաքով դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով Ֆրանսիա է ժամանում երկուշաբթի օրը` վաղը ներկա լինելու Լուվրի թանգարանում իսլամական արվեստին նվիրված ցուցահանդեսի բացմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այցի շրջանակներում Ալիևին ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ֆրանսիական գործարար շրջանակների հետ։ Նրա փարիզյան այցը կավարտվի մի երեկոյով, որի տեղը  առայժմ հայտնի չէ։

Ալիևի այս այցը հատկապես անընդունելի է հայ համայնքի համար այն բանից հետո, երբ նա իբրև հերոս ընդունեց հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված մարդասպան` իր գործած ոճրի դաժանությամբ աչքի ընկած Ռամիլ Սաֆարովին։

«Ներման շնորհումը, որ արվել է Ադրբեջանի նախագահի կողմից այս ոճրագործին, բարբարոսության և հայատյացության պարզորոշ խրախուսանք է», — գրել է Ֆրանսիայի հայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը այդ առթիվ հրապարակած իր հատուկ հաղորդագրությունում` ընդգծելով, որ այդ իրադարձությունները շարունակությունն են «ադրբեջանական ռեժիմի ցեղասպանական տրամաբանության, որը զինվում է ավելի ու ավելի` Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջման նպատակով»։

«Այս պայմաններում ընդունել Ալիևին` նշանակում է նպաստել նրա հակահայ քաղաքականությանը։ Ալիևը, ով արհամարհում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունվի Ելիսեյան պալատում։ Ալիևը, ում ռեժիմը գործադրել է հայկական մշակութային ժառանգության, հատկապես` Ջուլֆայի 4 հազար խաչքարերի ոչնչացումը, տեղ չունի Լուվրում», — ընդգծում է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

Խորհուրդը բոլոր դեմոկրատներին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում արտահայտել մարդու իրավունքների և միջազգային օրենքի ոտնահարման դեմ իրենց վրդովմունքը` մասնակցելով հանրահավաքին, որը տեղի կունենա երեքշաբթի օրը ժամը 18-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև։

Իսկ այսօր Մարսելի հայությունը Իլհամ Ալիևի այցի դեմ իր բողոքը կարտահայտի` համախմբվելով քաղաքի հայկական եկեղեցու խաչքարի առջև։ Ակցիային կմասնակցեն Ֆրանսիայի այս շրջանի մի շարք քաղաքական գործիչներ։

Լուսանկարում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ելիսեյան պալատում, 9-ը դեկտեմբերի, 2009թ.

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն կտեղափոխվի. ԱԳՆ մամլո խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տարակուսում է’