‘Ալլա Հովհաննիսյան. Ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից ‘

1687

Մարտիմեկյան սպանդի զոհ Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը վերջինս գրել է Բելգիայից, եւ որն այսօր ընթերցվեց Ազատության հրապարակում

«Սիրելի ժողովուրդ, այսօր մարտի 1 է, գարնան առաջին օրը, որն այդպես էլ դարձավ՝ հավերժ մնալով զոհերի հիշատակի օր: Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը 7 տարի վայելում է մեր երեխաների արյան գնով զավթած աթոռը: Եվ ես այլեւս սպանության բացահայտում չեմ պահանջում, որովհետեւ չկա մեկը, ում համար սպանությունները բացահայտված չլինեն: Մեզ մնում է մարդասպաններին կանգնեցնել արդարադատության առաջ, որը կլինի միայն իշխանափոխությունից հետո:

Քանի որ այս օրը, հանրահավաքի օր լինելուց բացի, զոհերի հիշատակման եւ ոգեկոչման օր է,  ուզում եմ, նախեւառաջ, որպես զոհված Տիգրան Խաչատրյանի մայր՝ շնորհակալություն հայտնել բոլոր ներկա գտնվողներին: Ասեմ, որ դուք ձեր ներկայությամբ միշտ ուժ եք տվել, 7 տարի մեր կողքին գտնվելով՝ շատ զրկանքներ եք կրել, բայց ստիպել եք մեզ հավատալ, որ զուր չի թափվել մեր երեխաների արյունը, եւ հատուցման պահը գալու է շուտով:
Սիրելի ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից: Եվ եթե կան որոշակի տարաձայնություններ, ապա վեր կանգնեք դրանցից, ճիշտ դատելով՝ ճանաչեք իշխանափոխության իրական պահանջ ներկայացնող ընդդիմությանը եւ հետեւեք նրանց: Ուզում եմ նաեւ նշել, որ այս 7 տարիների ընթացքում ՀԱԿ-ը մշտապես եղել է մեր կողքին եւ աջակցել մեզ: Ես տեղեկացա, որ այսօրվա հանրահավաքին միացել են նաեւ ազատամարտիկները: Շատ կցանկանայի, որ Հայաստանում բոլոր գիտակից քաղաքացիներն ու ուժերը համախմբվեն եւ ի վերջո երկիրը ազատագրեն այս հանցագործ իշխանություններից, հակառակ պարագայում մեր երկիրը ապագա չի ունենա, չի բացառվում նոր մարտի 1-ի կրկնությունը»:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Իրաքում մեկ ամսում զոհվել է 1100 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Լիտվա. ԶԼՄ-ները քննադատել են առողջապահության նախարարին ռուսերեն ելույթի համար’