‘Ալո՜, զորավա՞րն է, իրավատե՛րն է անհանգստացնում ‘

1014

«Բարևի» հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը և մտել է վճռական փուլ։ Գործում ներգրավված է նաև զորավարը (զորավար Անդրանիկը, երևի, գերեզմանում շուռ եկավ)։ Այսպես որ գնա՝ նախընտրական փուլում արձանագրված հովվերգական մթնոլորտը կարող է կատաղի առճակատում թվալ հետընտրական փուլի համեմատությամբ։

Սա հիմա կոչվում է «նոր տեխնոլոգիա» և հայկական գանդիզմ (մի քիչ ուրիշ բառ կգրեի գանդիզմի փոխարեն, բայց որոշել եմ բարիի մեջ մնալ)։

Հայկական գանդիզմի առանձնահատկությունն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ են գործում և միասնական ջանքերով են պայքարում անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ։ Ընդդիմությունը չի թաքցնում, որ հեղափոխություն է անում, իսկ իշխանությունը չի թաքցնում, որ աջակցում ու գուրգուրում է այդ հեղափոխությանը կամ առնվազն չի խանգարում բացահայտված հեղափոխականներին։ Կողմերը «ջան» են ասում ու «ջան» լսում։ Այսինքն՝ գործում է հայկական  «win-win» տարբերակը, որի շրջանակներում հաղթողն ու պարտվողը ոչ թե «չոռ–չոռ» են խաղում, այլ «ջան–ջան»։

«Ջան–ջան» տարբերակում ժողովրդին, բնականաբար, արդեն արգելվում է «Սերժի՛կ, հեռացի՛ր» և «Րաֆֆի, նախագա՛հ» գոռալը։ Այլևս ոչ մի անուն, միայն Հայաստան։ Այլևս ոչ մի կուսակցություն, միայն քաղաքացիականություն։ Մի խոսքով՝ «գանդիզմ»։

Ճիշտ է, Իջևանում ոստիկանության չար աշխատակիցները փորձեցին որոշ խոչընդոտներ առաջացնել և խափանել բարևարշավը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը բջջային հեռախոսով անմիջապես կապվեց իրզորավարի՝ բարի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և հարթեց խնդիրը։ Րաֆֆին ու Վովանտեղում կանխեցին մութ ուժերի դավադրությունը, և իրավատերը շարունակեց բարև տալ անցորդներին։

Դատելով ամենից՝ զորավար–ոստիկանապետը «on line» ռեժիմով հետևում է՝ անմիջապես միջամտում։«Ժառանգության» ղեկավարին նույնիսկ հատուկ հեռախոսահամար են տվել, որպեսզի նա Լիսկայի դեմ պայքարում բարդությունների հանդիպելիս զանգահարի զորավարին և օգնություն խնդրի։ Զորավարն էլ իր հերթին ականջը հեռախոսից չի կտրում, որպեսզի ակնթարթային արագությամբ արձագանքի իրավատիրոջցանկացած խնդրանքին։

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունը գտնվում է հուսալի ձեռքերում, և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։ Ազատամարտի ռահվիրան, զորավարն ու իրավատերը համատեղ ջանքերով պայքարում են կարգազանց ոստիկանների ու ընտրակեղծարար մարզպետների դեմ։ Աշխատանքի բաժանումն ակնհայտ է. իրավատերը «non-stop» ռեժիմով շրջում է մարզից–մարզ, որպեզի Երևանում հանկարծ կրիտիկական զանգված չհավաքվի, զորավարը հեղափոխականների ճանապարհորդությունն է հսկում ու պատասխան տալիս իրավատիրոջ անվտանգության համար, իսկ ազատամարտի ռահվիրան պատրաստվում է ապրիլի 9–ի երդմնակալության արարողությանը։

Կարեն Հակոբջանյան 7or.am

Հ.Գ.։ Սաղ հեչ։ Էս ամեն ինչից հետո «բարև» բառն էլ է «խուրդվելու»։ Սերժի օրոք իրենց իմաստը կտրուկ փոխեցին «երկխոսություն», «նախաձեռնողականություն», «հանդուրժողականություն», «բարի» և «բարեփոխում» բառերը՝ դրականից վերածվելով բացասականի։ Հիմա նույնը սպասվում է «բարևին»։ Ափսոս է հայոց լեզուն։

Նախորդ հոդվածը‘Երկու վատ նորություն Սերժ Սարգսյանի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում կանխվել է ինքնասպանության 2 փորձ ‘