‘
Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը, որը 2016/17 մրցաշրջանը անցկացրեց «Յուվենթուս»-ում, հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին: Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել նաև թուրինյան ակումբի ղեկավարությանը:
Ավելի վաղ «ծեր սինյորա»-ի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան հայտնել է, որ Ալվեսը չի ցանկացել նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, իսկ վերջանական որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ: Սպասվում է, որ 34-ամյա խաղացողը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենթուս»-ի երկրպագուներին և իմ թիմակիցներին, որոնք ինձ ընդունեցին պրոֆեսիոնալի պես: Կարծում եմ, որ իմ նվիրվածությունը այս ակումբի և նրա երկրպագուների նկատմամաբ հարգանքի նշան էր: Ներողություն եմ խնդրում «Յուվենթուս»-ի երկրպագուներից, եթե երբեմն նրանց թվացել է, որ ես ակումբի համար վատ բան եմ անում: Ես ուղղակի ինքնաարտահայտման յուրահատուկ ձև ունեմ, որը քչերն են կարողանում հասկանալ: Ես կատարյալ չեմ, բայց իմ սիրտը մաքուր է:
Շնորհակալություն եմ հայտնում եմ պարոն Պորատային այս հնարավորության համար: Նա մեծ պրոֆեսիոնալ է, որը սիրում է իր գործը: Ֆուտբոլ չեմ խաղում հանուն փողերի: Ֆուտբոլ եմ խաղում, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը և նրանց, ովքեր նրա մի մասն են: Ես սիրում եմ ֆուտբոլը, և փողերը ինձ համար երբեք մոտիվացիա չեն հանդիսանա, որպեսզի փոխեմ ակումբս»,- գրել է բրազիլացին Instagram-ի իր պաշտոնական էջում:
Ավարտված մրցաշրջանում Դանիել Ալվեսը «Յուվենթուս»-ի կազմում մասնակցեց 32 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: 34-ամյա խաղացողը օգնեց թուրինցիներին հաղթել Իտալիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Իտալական ակումբը հասավ նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց Մադրիդի «Ռեալց»-ից:
‘