‘Ալ Պաչինոյի Տոնի Մոնտանան նոր վարկածում մեքսիկացի կլինի ‘

890

Ալ Պաչինոի կատարմամբ Տոնի Մոնտանան գանգստերական կինոյի կուռքային կերպարներից մեկն է: Քչերին է հայտնի, որ Բրայան Պալմայի ֆիլմը 1932-ին Հովարդ Հոուքսի նկարահանած «Սպիավոր»-ի (Scarface) րիմեյքն է: Ըստ երեւույթին,  Universal կինոստուդիան ֆիլմի երրորդ տարբերակը մտահղանալիս նախատեսում է կրկնել նախորդի հաջողությունը:  

«Սպիավոր»-ի նոր տարբերակի նկարահանումը վստահել են Դեյվիդ Էյերին՝ վերջերս էկրան բարձրացած «Պարեկը» ֆիլմի հեղինակին: Էյերը նախատեսում է գործողությունը տեղափոխել ժամանակակից Ամերիկա, միաժամանակ ձգտելով քաղել լավագույն փորձը 1932-ի եւ 1983-ի տարբերակներից: Արդեն հայտնի է, որ նոր ֆիլմում գլխավոր հերոսը մեքսկիացի գանգստեր է լինելու: Հիշեցնենք, որ 1932-ի տարբերակում գլխավոր հերոսը ներգաղթյալ իտալացի էր, իսկ Ալ Պաչինոյի «սպիավորը» Կուբայից էր եկել Ամերիկա:

Մեքսիկացու օգտին ընտրությունը պայմանավորված է ԱՄՆ-ում ձեւավորված իրավիճակով. վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են մամուլում հայտնվում մեքսիկական ավազակախմբերի ու մեքսիկական ծագմամբ թմրաբարոնների մասին լուրերը:   

Այժմ «օրակարգում» մի հարց է՝ լատինաամերիկյան դերասաններից ո՞վ պետք է մարմնավորի գլխավոր հերոսին:

 

 

Նախորդ հոդվածը‘Թիերի Անրին վերադառնում է «Արսենալ»’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում վիրավորված երկու հայերի վիճակը մտահոգիչ չէ’